1in.am-ը գրում է.

Բրազիլիայի իշխանությունները խոստովանել են այն սխալները, որոնք թույլ են տրվել երկիր ժամանած Հռոմի պապի պաշտպանության հետ կապված, որոնց պատճառով քահանայապետի ավտոշարասյունը մի քանի անգամ խցանումների մեջ է ընկել: Այս մասին հաղորդում է լատինաամերիկյան Telesur հեռուստաալիքը:

Երկուշաբթի օրը ավտոշարասյունը, որտեղ քահանայապետն էր, Ռիո դե Ժանեյրոյում 3 անգամ խցանման մեջ է ընկել: Օգտվելով այն բանից, որ պապի ավտոմեքենայի պատուհաններն իջեցված էին՝ շարասյանը հանդիպողները փորձել են դիպչել նրան կամ նրա ավտոմեքենայի մեջ նետել հուշանվերներ, ինչը զգալիորեն բարդացնում էր պահակախմբի աշխատանքը:

Իշխանություններն արդեն խոստովանել են Պապի անվտանգությունն ապահովող կազմակերպությունների միջև տեղ գտած «հաղորդակցական սխալները»: Բացի այդ, Ռիոյի քաղաքապետարանը հայտնել է, որ վարորդը, ով վարում էր քահանայապետի ավտոմեքենան, մի քանի անգամ շեղվել է նախատեսված ուղուց:

Վատիկանի ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդին, սակայն, ասել է, որ պետք չէ դրամատիկ գույներով ներկայացնել կատարվածը: Նրա խոսքերով, «ամեն ինչ լավ է, չի եղել այնպիսի մեկը, ով ցանկանար սպանել պապին»:

Պապն ինքը շնորհակալություն է հայտնել բրազիլացիներին ջերմ ընդունելության համար: «Շնորհակալություն, շնորհակալություն: Շնորհակալություն ձեզ և իշխանություններին Ռիո դե Ժանեյրոյի հողի վրա նման ջերմ ընդունելության համար»,- գրել է քահանայապետը Twitter-ի իր միկրոբլոգում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել