Tert.am-ը գրում է․

Ողջախոհության նշաններ է ցույց տալիս պարետատունը, շատ լավ է՝ հասկացան, որ շնչառական ուղիների խնդիրներ, թթվածնի առաձնակի կարիք ունեցող անձինք պետք է դիմակներ չկրեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց բժիշկ-գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը՝ անդրադառնալով պարետատան որոշմանը, որ քրոնիկ շնչառական հիվանդություններ, ինչպես նաև 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք հանրային բաց տարածքներում կարող են դիմակ չկրել:

«Ես այն համոզմունքին եմ, որ քանի դեռ ապացուցողական բժշկությունը չի բացահայտել բաց տարածքներում դիմակներ կրելու վնասները, կողմնակի էֆեկտները, դա չի կարելի հարկադրել մարդկանց տուգանելով: Դու պետք է ապացուցած լինես, նոր հարկադրես, եթե չես ապացուցել, իրավունք չունես հարկադրել: Այդ ճոռոմացնելը, թե կյանքեր է փրկում, ի՞նչ է, կյանքերի մասին մտածում են, թող տոտալ արգելեն ծխելը: Արգելեք, հարկադրեք, ոչ թե դրա մասին բարեմաղթանքներ ու բաժակաճառեր ասեք, այլ ուղղակի արգելեք, այ էն ժամանակ կիմանաք կյանքեր փրկելը որն է: Հիմա սա լիքը մարդկանց սրտով չի լինելու, բայց այսպես են հարցերը լուծում, եթե իշխանություն կա ձեռքդ, հարցեր լուծիր, ոչ թե ձևական բաներ արա»,- ասաց նա:

Ըստ Մանասյանի՝ բաց տարածքում դիմակ չկրելը պետք է բոլորին վերաբերի, բայց էլի լավ է, որ ողջախոհության նշաններ կան և գոնե հիվանդներին ազատում են այդ չհիմնավորված հարկադրանքից:

Հարցին՝ սա լրացուցիչ խնդիրներ չի՞ առաջացնի ապացուցելու տեսանկյունից, ինչպե՞ս պետք է պարզեն, որ դիմակ չկրողը նման առողջական խնդիրներ ունի, Մանասյանը պատասխանեց. «Այդ պացիենտները հիմնականում տարիքով պացիենտներն են, հիմնականում 50-ն անց անձինք են: Ոստիկանները պետք է 50-ն անց անձանց այլևս չանհանգստացնեն, իսկ մինչև 50 տարեկան անձանց երևի կմոտենան ու բժշկի թուղթ կուզեն»:

Մանասյանը նշեց, որ լավատեսական կանխատեսում է ցանկանում անել. «Գուցե պարետատունն ուզում է քայլ առ քայլ դիմակներից ազատվի և սա առաջին քայլն է դեպի բաց տարածքներում դիմակից հրաժարվելու քաղաքականությանը: Փակ տարածքներում, օրինակ՝ տրանսպորտում, տաքսիներում պետք է դիմակներ կրեն, դա ես չեմ քննարկում, բայց բաց տարածքներում ինչո՞ւ պետք է դիմակով լինեն, առվել ևս որ մեծամասնությունը նորմալ չի կրում, ինչպես հարկն է այդպես չի կրում»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել