«Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի տարրալուծումը հայրենագիտություն առարկայի մեջ կարելի է պայմանավորել ազգային եկեղեցու պատմության և դավանանքի նկատմամբ իրավասու մարմինների նիհիլիստական մոտեցմամբ։ ԿԳՄՍ նախարարությունը այս քայլով ի կատար է ածում տարիներ շարունակ առարկան հանրակրթությունից բացառելու պայքարին լծված պսևդոիրավապաշտպանական կառույցների անխոնջ աշխատանքը։

Պետական կրթական նոր չափորոշիչը (նախագիծ) առնվազն Հայոց եկեղեցու պատմությանն առնչվող խնդրի վերաբերությամբ հակասում է Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքի ողջ տրամաբանությանը և մասնավորապես 8-րդ հոդվածի 2-րդ կետի տառացի նշանակությանը, ըստ որի հստակ ամրագրվում է Եկեղեցու իրավունքը՝ մասնակցելու «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական պլանի և դասագրքի մշակմանը։ Սույն չափորոշիչը, որը ըստ էության կառավարության որոշում է չի կարող դուրս գալ օրենքի բովանդակության և տրամաբանության շրջանակներից, այն պարզ պատճառով, որ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը պետք է համապատասխանի օրենքի պահանջներին։ Եթե խնդիրը առարկայի կամավորության սկզբունքի կիրառումն էր, կարելի էր գտնել կոմպրոմիսային լուծում՝ նախատեսելով առարկայից հրաժարման ֆակուլտատիվ ընթացակարգեր, ինչը և վկայում է տարբեր երկրների կրթական փորձը կամ եթե առարկան չէր ապահովում նման առարկաների ուսուցման համար միջազգային պահանջ համարվող անկողմնակալության և օբյեկտիվության սկզբունքները, կարելի էր այդ ուղղությամբ քայլեր կատարել, այլ ոչ թե բացահայտ նիհիլիզմ ցուցաբերել եկեղեցական արժեքների նկատմամբ և առարկան նրբանկատ «վռնդել» կրթական համակարգից։

Գատնիք չէ, որ առարկայի հիմնական նպատակը և գաղափարը եկեղեցու պատմության հետ միաժամանակ ազգային քրիստոնեական արժեքների սերմանումն է, որը ինքին առնչություն չունի քարոզչության հետ՝ մանավանդ երբ նկատի ենք առնում, որ առարկայի շրջանակներում քննարկվում են նաև տոտեմիզմի, հին հայկական կամ նախաքրիստոնեական հավատքի, հինդուական, բուդդայական, զրադաշտական, մահմեդական կրոնների, հունահռոմեական դիցարանի մասին տեղեկություններ՝ այդ կերպ առարկան դարձնելով զանազան կրոնների ուսուցման յուրօրինակ աղբյուր։ Վերջինս նաև բխում է հանրակրթության գործող պետական չափորոշչի (2010 թ. 439-Ն որոշում) թիվ 2 հավելվածում նշված կրոնական բազմազանության գաղափարից։

Անհարկի չծանրաբեռնելով միտքս, նշեմ միայն, որ կրոնական ուսուցումը աշխարհիկ դպրոցներում առավելապես պայմանավորված է տվյալ պետության և հասարակության կյանքում կրոնի ունեցած ազդեցությամբ և պետական իշխանության որդեգրած գաղափարախոսությամբ։
Այս ամենի հաշվառմամբ պետական կրթական չափորոշիչը (նախագիծ) պետք է գնահատել նահանջ ազգային և կրոնական արժեքների կարևորման դիրքերից, ինչը ոչ միայն չի բխում ներպետական օրենսդրության տառից և ոգուց այլև միջազգային իրավական փաստաթղթերի բովանդակությունից։ Այսպես ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիան երաշխավորելով երեխայի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը 29-րդ հոդվածում սահմանում է․ որ «երեխայի կրթությունը պետք է ուղղված լինի ․․․գ) երեխայի ծնողների, նրա մշակութային ինքնատիպության, լեզվի և արժեքների, երեխայի բնակության երկրի ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ, նրա ծագման երկրի և իր սեփական քաղաքակրթությունից տարբեր քաղաքակրթությունների հանդեպ հարգանքի դաստիարակմանը»։ Թերևս անիմաստ է վերստին հիշատակել, որ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն Հայ առաքելական եկեղեցին օժտված է բացառիկ կարգավիճակով, որը որպես այդպիսին չունի որևէ այլ կրոնական կազմակերպություն ինչպես Հայաստանում այնպես էլ ամբողջ աշխարհում։ Այն ԱԶԳԱՅԻՆ ԵԿԵՂԵՑԻ է։

Եվ ուրեմն ի հարգանք՝ Եկեղեցու իրավական կարգավիճակի, նրան վերապահված իրավունքների և ամենակարևորը այդ Եկեղեցու հետևորդների հոգևոր զարգացման և կրթական իրավունքների երաշխիքների նկատմամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել