89+1 դատվողները
Օրենքը, որը պատրաստվում է ստորագրել Արարատ Միրզոյանը 89+1 մարդկանց «Սահմանադրական հեղաշրջում» անելու համար դատելու եզրափակիչ ապացույցն է լինելու։ Անկախ նրանից, թե ապագա իշխանության մեջ ովքեր են լինելու, ԱԺ 89 պատգամավորն ու Նիկոլ Փաշինյանը դատվելու են, այդ թվում՝ կոնկրետ այս մեղադրանքով։
Վայրի գրոհներից ազատված դատարանը նրանց անպայման դատապարտելու է երկարաժամկետ բանտարկության՝ առանց ներման իրավունքի։ Սա անհրաժեշտ է, որպեսզի երկիրը նորից պետություն, իսկ մարդիկ՝ քաղաքացի կոչվելու իրավունքը վերականգնեն և բոլորը հասկանան, որ տգետի համառությամբ Մայր օրենքի վրա ասպատակողների քիթը տրորվելու է: Այլևս՝ միշտ։
Անշուշտ, լինելու են մարդիկ, ովքեր փորձելու են պաշտպանել 89+1-ի գործով մեղադրյալներին։ Բայց խոսելու իրավունք և հնարավորություն կունենան միայն նրանք, ովքեր այսօր բարձրաձայնել են այս օրենքի ընդունման աղետալի հետևանքների մասին։ Բարձրաձայնել են ու հիմնավորել։ Իսկ միջազգային կազմակերպություններից մինչև «իրավապաշտպաններ», դեսպանատներից մինչև ՀԿ-ներ, որոնք լուռ են այսօր, պետք է լռեն նաև վաղը։ Նրանք լռեցին, երբ Հայաստանի Հանրապետությունը դադարեց գոյություն ունենալ որպես իրավական պետություն։ Նրանց ձայնը լսելի չի լինի նաև քանդածը վերականգնելիս: Ու խնդրում եմ հետո չնվնվաք, թե 89+1-ը քաղբանտարկյալներ են։ Ոչ։ Նրանք լինելու են սովորական հանցագործներ, որ սեփական քաղաքական շահից ու բարդույթներից ելնելով զավթեցին իշխանությունը՝ արհամարհելով ու ոտնատակ տալով երկրի Մայր օրենքը։
Ապագա մեղադրյալները 90-ն են, բայց կարող էին լինել 91-ը, եթե Արմեն Սարգսյանը չլիներ այդքան մորթապաշտ։ Ընդ որում, նա բացառիկ մորթապաշտ է՝ մի կողմից կարող է հլու-հնազանդ ցանկացած օրենք ստորագրել, երբ հարցն իրեն չի վերաբերում, և կարող է ստորագրելուց թռնել, երբ գիտակցում է իր անվտանգությանը սպառնացող պոտենցիալ վտանգը:
Նկատե՞լ եք Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող դակիչը վերջին շրջանում անընդհատ արդարանում է։ Հիմնական թեզն էլ այն է, թե Սահմանադրությամբ ոչինչ իրեն վերապահված չէ և ինքն ամուլ է։ Անընդհատ հորդորում է, որ իր հետ հույսեր չկապեն, ակնկալիք չունենան։ Եվ, բնականաբար, երկար ու ձանձրալի բացատրում է, թե ինչու է կատարում խելագարի այս կամ այն հրահանգը։
Սա շատ ցավալի իրողություն է, քանի որ Արմեն Սարգսյանն իրականում կարող մարդ է։ Համենայն դեպս տարիներ շարունակ ինքն իրենից այդպիսի կերպար է կերտել, շրջանառել է լուրեր, տարածել լեգենդներ։ Նա իսկապես աշխարհի մարդ է, որ քաջատեղյակ է գլոբալ անցուդարձից, կապեր է հաստատել խորհրդային նոմենկլատուրայից մինչև կորպորատիվ կառավարիչներ և արքունական դեմքեր։ Հենց այդ հանգամանքը հաշվի առնելով` թեև ունեի մի շարք վերապահումներ, բայց ընտրվելուց հետո նրան շնորհավորել եմ, որովհետև մտածում էի, որ 65 տարեկանում, ստանձնելով երկրի նախագահի պաշտոնը, վերջապես կսկսի ապրել և գործել հանուն Հայաստանի Հանրապետության, պատմություն և սերունդների։
Ես սխալվեցի. այլևս պարզ է, որ ի դեմս Արմեն Սարգսյանի գործ ունենք շատ սովորական սպառողի հետ։ Ամենալուրջ մեղադրանքը և ամենամեծ ստորությունն այն է, որ Արմեն Սարգսյանն իր աթոռը կորցնելու վախից բառի բուն իմաստով ծառայում է Նիկոլ Փաշինյանին։
Հայաստանի հարկատուների հաշվին անվերջ ճամփորդող այդ մարդն առանց աչքը թարթելու պատրաստ է ստորագրել ամեն ինչ։ Բայց կա մի կարևոր վերապահում. նա, ինչպես ցանկացած մորթապաշտ, երբ գործը հասնում է սեփական պատասխանատվությանը, դրանից խուսափելու ելքեր է փնտրում: Հիմա էլ հասկանալով, որ Սահմանադրական դատարանի ամբողջ օրենսդրական փաթեթն իրավական հետևանքներ է ունենալու, այն ստորագրելուց հրաժարվեց։ Վախենում է, որ հետո կարող են պատասխանատվության ենթարկել։ Բայց հաջորդ օրը ստորագրեց գույքահարկի բարձրացման մասին օրինագիծը՝ էլի անհեթեթ արդարացումներ բերելով։ Այսինքն, խայտառակ լինելու, հեղինակազրկվելու, ժողովրդին վնասելու հետ խնդիր չունի, բայց այ դատվել չի պատրաստվում:
Այդ մարդը ոչինչ չարեց Հայաստանի՝ որպես իրավական պետության ոչնչացումը կանխելու համար։ Նա լուռ էր, երբ խելագարի հրամանով շրջափակում էին Ազգային ժողովն ու դատարանները։ Նա լռեց անգամ, երբ ակնհայտ ապօրինի ձևով այս իշխանությունը ոտնատակ տվեց Հայաստանի Սահմանադրությունը։ Նա ուներ ապօրինությունը կանխելու բոլոր գործիքները, բայց լռեց։ Սա է Արմեն Սարգսյանի ամենամեծ վատությունը պետությանը։
Ավելի լավ է քեզնից վախենան, զզվեն, հեգնեն, բայց հաշվի նստեն քո գոյության հետ։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պարզապես գոյություն չունի, նրա գոյության փաստը արհամարհում են բոլորը՝ թե՛ իշխանությունը, որը նրան վերածել է «թուղթ ստորագրողի», թե՛ ընդդիմությունը, որն ամեն պատեհ առիթի դեպքում թքում է նրա վրա և ներողություն է խնդրում ժողովրդից այդ խեղկատակին ժողովրդի «վզին փաթաթելու» համար:
Հ.Գ. Ֆոտոյի հեղինակը աշխարհահռչակ լուսանկարիչ Միշա Գորդինն է: «Ամբոխ» խորագրով լուսանկարը տաղանդաշատ լուսանկարիչը հեղինակել է 1990թ.-ին: