Արդյոք աշխարհի վրա միայն Հայաստանում է, ուր համաճարակը լափում է մարդկանց, օրական տանում 10-20 կյանք, իսկ իշխանությունը օրնիբուն գործեր է սարքում լրատվմաիջոցների, ընդդիմախոսների վրա, որ գործը լավ սղա, դատավորներ հանում, դնում, որը չի հանվում, շանտաժի ենթարկում, ում վրա էլ, հանկարծ գործը չի կպնում, ընդմիջումներին ստեղծագործում են թե ինչպես կպցնեն։ Դե որ մի փոքր արանք էլ մնում է, փողոցում դիմակ են բաժանում որպես մուննաթ՝ մեզնից ինչ եք ուզում, բանուգործ թողել, դիմակ ենք բաժանում, որ էս էլ չանենք, լրիվ կկոտորվեք։
Անելանելի, չարագույժ ու անորոշ վիճակում անընդհատ պտտվում է հարցը՝ ինչ է լինելու։
Մերուժան Տեր֊Գուլանյանը իր «Նամակներ Ինքնամեկուսացումից» շարքի մի գործում անելանելիությունն է արտահայտում, իսկ մյուսում հուսադրող պատասխան տալիս հարցին թե ինչ է լինելու։ Շարքը հրապրակվում է «Հրապարակ» օրաթերթում.
1. անելանելիությունը՝ հատված «Սեփական անձնագիրն ուտելու ժամանակը» էսսեից
Կարոտել էի Երեւանի հոտին, բաց ու փակ խանութների ցուցանակներին, կարոտել էի հատկապես սրճարաններին, չէ որ ես սրճարանի մարդ եմ։ Պտտվեցի հրապարակով, վերադարձա մեր Զաքյան փողոցը։ Եվ երբ արդեն մոտեցել էի մեր շենքին, երկու ոստիկան կանգնեցրին ինձ․ պատիվ տվեցին եւ անձնագիր պահանջեցին։ Ես փութով ստուգեցի գրպաններս, բայց ոչ մի փաստաթուղթ չկար, թերեւս սխալ բաճկոն էի հագել, ասացի՝ չունեմ։
- Ընդհանրապե՞ս չունեք,- զարմացած հարցրեց կրտսեր սպան։
- Այո, չունեմ,- ասացի։
- Առանց անձնագիր ինչպե՞ս եք ապրում, ի՞նչ եք արել Ձեր անձնագիրը։
Դիմակի տակից ժպտացի,- ասացի․
- Կերել եմ անձնագիրս, մանր կտրատեցի, տիկնոջիցս թաքուն լցրեցի մածունով լի ափսեի մեջ ու գդալով կերա, ափսոս, տանը մեղրը վերջացել էր, առանց մեղրի դժվար էր ուտելը։ Ինչպես ժամանակին՝ բրեժնեւյան լճացման տարիներին, իմ Խորեն ընկերը՝ «Միջանցահովիկ» սրճարանում․ դուք ջահել եք, դուք այդ սրճարանը չեք հիշում, հիմա այդ սրճարանը չկա, թախծից՝ բոլորիս աչքի առաջ մածունի մեջ կտրատեց իր անձնագիրն ու կերավ։
Ոստիկանները զարմացած նայում էին ինձ։ Մեկն արդեն հանել էր տուգանքի թուղթն ու շփոթված կանգնել։
- Այո, մի զարմացեք, տղեք, լինում են պահեր, որ մարդ ձանձրույթից ու վիրավորանքից ուզում է իր անձնագիրն ուտել, որ չլինի հպարտ քաղաքացի, այլ դառնա սովորական բնակիչ կամ անհետանա այս իրականությունից, որովհետեւ, եթե չկա անձնագիր, չկա նաեւ մարդը։ Ձեզ հետ էլ կարող է մի օր պատահել, որ ուզենաք ձեր անձնագիրն ուտել, բայց խորհուրդ եմ տալիս՝ մի քիչ մեղր խառնել, որովհետեւ դժվար է ուտել առանց մեղրի, քանզի ուտում ես քո լուսանկարը, բազմաթիվ պաշտոնական կնիքներ, ստորագրություններ։ Այո, խորհուրդ եմ տալիս՝ մածունի հետ մի քիչ մեղր խառնել։
2. «Ի՞նչ է լինելու» հարցի պատասխանը. հատված «Նամակներ ինքնամեկուսացումից - 2» (Նամակը հիշողույունը է Վլադիմիր Վիսոցկուց)
Կենացները քաղցրանում էին, ու Վիսոցկին անսպասելի փոխեց թեման եւ մեզ պատմեց Չապաեւի օրագիրը․
1 հունիսի ․ Այսօր մենք քայլելով մոտեցանք անտառին, դեռեւս ձի չունեինք։
2 հունիսի․ Մեր զինվորները ձիեր գողացան հարեւան գյուղերից, եւ մենք մտանք անտառ։
3 հունիսի․ Թշնամիները նահանջեցին, մենք գրավեցինք անտառի կեսը։
4 հունիսի․ Թշնամիները դիմադրում էին, բայց մենք, միեւնույն է, շարժվում էինք առաջ։
5 հունիսի․ Մենք գրավեցինք ամբողջ անտառը, գերիները մեզ հետ էին, որոնց չէինք սպանել ու պիտի դատեինք։
6 հունիսի․ Մենք տոնում-խրախճում էինք մեր հաղթանակը։
7 հունիսի․ Եղավ անսպասելին, եւ մեր հաղթանակը վերածվեց ոչնչի։ Եկավ անտառապահը ու բոլորիս դուրս քշեց անտառից։