Pastinfo.am-ը գրում է․

Սահմանադրական դատարանի գրասենյակն ստացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների գործով հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը հետաձգելու մասին ԱԺ ներկայացուցչի միջնորդությունը։ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը՝ նշելով, որ սահմանված կարգով դրան ընթացք կտրվի։ ՍԴ-ում ԱԺ ներկայացուցչի գրությունը հասցեագրված է դատավոր Աշոտ Խաչատրյանին։

Նշենք, որ խոսքը վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով 300.1 հոդվածի սահմանադրականությունը որոշելու հարցին։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ ՀՀ ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել 2020թ․ հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը, ԱԺ-ին տրամադրել ՄԻԵԴ և ՎՀ խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները, ինչպես նաև ողջամիտ ժամկետ այդ կարծիքներին ծանոթանալու համար։

ՍԴ աշխատակարգի համաձայն՝ նիստի օրերը նշանակում, փոխում, դիմումների քննությունը վարույթ ընդունում կամ մերժում են աշխատակարգային որոշմամբ, հետեւապես ԱԺ ներկայացուցչի միջնորդությունն ինքնին բավարար չէ նիստը հետաձգելու համար, այլ անհրաժեշտ է, որ իրավազոր մարմինը նման որոշում կայացնի, ինչի համար էլ անհրաժեշտ է քվորում։

Հիշեցնենք, որ սույն գործով մեկ այլ միջնորդություն էլ դեռևս հունիսի 25-ին ներկայացրել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները՝ հրաժարվելով դիմումից, սակայն դրա քննարկումը հունիսի 30-ին նախատեսված աշխատակարգային նիստում տեղի չի ունեցել՝ քվորումի բացակայության պատճառով, Ի դեպ, «Փաստինֆո»-ն արդեն հայտնել է, որ հունիսի 30-ին տեղի չի ունեցել նաեւ ՍԴ նիստը, որի օրակարգում ընդգրկված է եղել ութ հարց։

ՍԴ-ն ունի 9 դատավոր, որոնցից 3-ի լիազորությունները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքում հնչեցված հայտարարությամբ դադարեցված են համարվում, իսկ ոստիկաններն էլ թույլ չեն տալիս նրանց մուտք գործել ՍԴ շենք, թեեւ կան նրանց մակագրված գործեր, ամրակցված գույք, եւս երկու դատավոր գտնվում են արձակուրդի մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել