Aysor.am-ը գրում է.
Աշխարհում շուրջ 80 մլն մարդ, հատկապես զարգացող երկրներում, տառապում է անպտղությամբ, որի հաճախականության ցուցանիշը տարբեր երկրներում տարբեր է: Վիճակագրությունը փաստում է, որ կանանց և տղամարդկանց անպտղությունը հանդիպում է գրեթե նույն հաճախականությամբ:
Ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց անպտղության պատճառները բազմաթիվ են. վիճակն ավելի է բարդանում արտաքին միջավայրի բացասական ազդեցության, վնասակար սովորությունների, սթրեսային վիճակների, նաև ժամանակին մասնագետի չդիմելու պատճառով:
Անպտուղ է համարվում ամուսնությունը, երբ կանոնավոր սեռական կյանքի առաջին տարում հակաբեղմնավորիչ միջոցների չօգտագործման պարագայում կինը չի հղիանում. անպտղության համար հավասարապես կարող է «մեղավոր» լինել թե´ կինը, թե´ տղամարդը:
Անպտղության կարող են հանգեցնել մի շարք հիվանդություններ կամ վիճակներ:
Գոյություն ունեն առաջին հայացքից աննշան թվացող երևույթներ, որոնք հեռուն գնացող հետևանքների են բերում: Օրինակ` ոչ ճիշտ ընտրված և շատ կիպ հագուստը (ներքնազգեստ, անդրավարտիք), որը կարող է ամորձիները գերտաքացնել` հանգեցնելով անպտղության: Տղամարդը պետք է սպիտակուցներով հարուստ սնունդ օգտագործի: Ամենօրյա սննդի մեջ ցանկալի է ներառել սև շոկոլադ, նարինջ, թուրինջ և հատկապես քաղցր դեղին խնձոր: Մրգաշաքարն անհրաժեշտ է սպերմատոզոիդների լիարժեք հասունացման համար: Չպետք է մոռանալ նաև կիտրոնի մասին, քանի որ այն նպաստում է սպերմատոզոիդների կյանքի երկարելուն: Շատ օգտակար են նաև ցինկով հարուստ ծովամթերքներն ու անտառային հատապտուղները:
Սպերմատոզոիդների հասունացմանը նպաստում է լոլիկում պարունակվող լիկոպին հակաօքսիդանտը: Այն նաև շագանակագեղձի բորբոքման կանխարգելիչ միջոց է համարվում:
Կանանց անպտղության պատճառները ևս տարբեր են, որոնք լինում են առաջնային և երկրորդային:
Վտանգավոր է, երբ դեռահաս աղջիկները, հետևելով նորաձևությանը, նիհարելու սննդակարգ են պահում, որը նույնպես կարող է անպտղության պատճառ դառնալ:
Նիհարեցնող սննդակարգերը խիստ կրճատում են որոշ անփոխարինելի նյութերի` ճարպերի և վիտամինների մուտքն օրգանիզմ, առաջացնելով լուրջ խնդիրներ:
Մասնագետները խորհուրդ են տալիս երիտասարդներին տեղյակ լինել սեռական կյանքի այբուբենին, զերծ մնալ պատահական, թեթևամիտ սեռական կենսակերպից, զանազան անհայտ սննդակարգերից: Խորհուրդ են տալիս նաև հրաժարվել ծխելուց: