Վամպիրների մասին առասպելները ամբողջ աշխարհում են տարածված և բոլորին հայտնի են: Երբեմն տարբեր երկրներում այդ առասպելները փոքր ինչ տարբերվում են: Առասպելների ընդհանրությունից մեկն այն է, որ թաղելուց հետո հնարավոր է տարբեր միջոցներ կիրառելով այնպես անել, որ վամպիրները չկարողանան կենդանանալ, գերեզմաններից դուրս գալ և վարակել մարդկանց: Ժամանակակից գիտնականները սա առասպել են համարում, սակայն վերջին հայտնագործությունները ցույց են տալիս, որ նախկինում մարդիկ ավելի լուրջ էին վերաբերում այս պատմություններին: Վերջին մի քանի տասնամյակում միջնադարյան ծագման տարբեր գերեզմաններ են հայտնաբերվել, որոնց մեջ գտնված կմախքների վրա կիրառված դաժան միջոցների հետքերը համապատասխանում են առասպելներում նկարագրված այն միջոցներին, որոնք մարդիկ օգտագործում էին վամպիրներին կենդանանալուց հետ պահելու համար: Ի դեպ, այս գերեզմանները հայտնաբերվել են ոչ միայն վամպիրների ավանդական հայրենիք համարվող Արևելյան Եվրոպայում և Բալկաններում, այլ նաև Արևմտյան Եվրոպայում: Ձեզ ենք ներկայացնում այս գտածո գերեզմաններից 8-ը:
8. Պրոստեժով, Սլովակիա

1991թ.-ին հնագետների մի խումբ Պրոստեժովի Սուրբ Երրորդություն հին եկեղեցու տարածքում հայտնաբերել է մի գերեզման: Մարմինը թաղված է եղել երկաթյա ճաղավանդակի մեջ դրված, որը վամպիրներին վերակենդանանալուց հետ պահելու մի միջոց էր, քանի որ հավատացած էին, որ նրանք տանել չեն կարողանում երկաթին դիպչելը: Հայտնաբերվել են նաև ոտքերին դրած քարեր, իսկ իրանը կտրված է եղել ոտքերից: Հնագետները գտածոն վերագրել են 16-րդ դարին: Գտածո գերեզմանն անսովոր է համարվում, քանի որ այն գտել են եկեղեցու տարածքում, սակայն շատերը կարծում են` մարմինը եկեղեցու տարածքում թաղվել է հենց եկեղեցու հոգևորականների կողմից` դիակների վերակենդանանալը կանխելու համար:
7.Դրովսկո, Լեհաստան

2009թ.-ին Լեհաստանի Դրովսկո քաղաքում հնագետները պեղեցին միջնադարյան ծագման մի գերեզմանոց, որը զարմացրեց նրանց: Հայտնաբերվեց 3 գերեզման, որոնց մեջ թաղված դիակները մահվանից հետո ենթարկվել էին անսովոր, տարօրինակ փորձությունների. միջին տարիքի երկու դիակների կոկորդներում էլ երկաթյա ձողեր են խրված հայտնաբերվել:
Իսկ երիտասարդ դիակի մարմինը գտել են փաթաթված ու կապկպված, ինչպես նաև կոկորդին դրված է եղել մեծ, ծանր քար: Սա նույնպես համապատասխանում է ժողովրդական բանահյուսությանը, և կոկորդում խրված երկաթները անեծք են համարվել վամպիրների դեմ, որպեսզի նրանք հարություն չառնեն: Մեկ ուրիշ միջոց էլ մարմնի վրա ծանր քարեր դասավորելն է, որը նույնպես, ըստ ավանդույթի, հետ էր պահում վամպիրներին գերեզմանից դուրս գալուց: Այս գերեզմանատան պեղումները չեն ավարտվել, և գիտնականները նոր, հետաքրքիր հայտնագործություններ ունենալու սպասումներ ունեն:
6. Լեսբոս, Հունաստան
![]()
1994թ.-ին Հունական Լեսբոս կղզում հնագետները թուրքական հին գերեզմանոց պեղելու ընթացքում հայտնաբերեցին մի կմախք` թաղված պատի մեջ բացված անցքի մեջ: Ուշագրավը ոչ թե դրա հայտնաբերված տեղն էր, այլ մարմնի` մահվանից հետո արժանացած կտտանքները: Մարմնի վերջույթների ու վզի մեջ երկաթյա սեպեր էին խրված: Գիտնականները գրեթե համոզված են, որ հայտնաբերված մարմինը մուսուլմանի է պատկանել, հետևաբար սա առաջին ոչ քրիստոնյային պատկանող մարմինն է, որը ենթարկվել է այս տեսակ վերաբերմունքի:
5.Սելկովիչ, Չեխիայի Հանրապետություն

1990-ականներին հնագետները հայտնաբերեցին առաջին կարծեցյալ վամպիրների գերեզմանատունը: Այն գտնվում է Պրահայից մոտավորապես 30 կիլոմետր դեպի հյուսիս: Պեղվեց 14 մարմին, որոնց տարբեր հատվածներում խրված հայտնաբերվեցին երկաթյա սեպեր ու մարմնի վրա դրված ծանր քարեր: Ըստ հնագետների` մարմինները 11-րդ և 12-րդ դարերի գտածոներ են, որոնց մեծամասնությունը երիտասարդների պատկանող դիակներ են` թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց: Հետազոտությունները ցույց են տվել, որ բոլորը մահացել են նույն ժամանակահատվածում, ենթադրվում է` ժանտախտից, սակայն դեռևս պարզ չէ, թե ինչու են նրանց թաղող մարդիկ մտածել, թե նրանք կարող են վերածվել վամպիրների:
4. Սոզոպոլ, Բուլղարիա

Վերջին տարիներին այս հայտնագործության մասին շատ է հրապարակվել, և Google-որոնողական համակարգով փնտրելիս սրա մասին տեղեկատվությունն արագ կհայտնվի ձեր համակարգիչների էկրանին: Վերջին հարյուրամյակում ավելի քան 100 գերեզմաններ են հայտնաբերվել Բուլղարիայի տարածքում, որոնք ենթադրվել են, թե պատկանել են վամպիրների, սակայն բոլոր այդ հայտնագործությունները արվարձանային տարածքներում են եղել: Իսկ Սոզոպոլը հայտնի տուրիստական քաղաք է Սև ծովի ափին, և այստեղ հայտնաբերված երկու` ամբողջությամբ երկաթյա սեպերով խրված դիակները ցնցեցին մամուլը: Ենթադրվում է, որ գտածոները 700 տարվա վաղեմություն ունեն: Հնագետները հաստատել են, որ մինչև 20-րդ դար բուլղարացիները այս տեսակ գործողությունների են ենթարկել մարմինները:
3. Վենետիկ, Իտալիա

Ինչպես արդեն նշեցինք, վամպիրների գերեզմաններ հայտնաբերելը այդքան էլ անսովոր երևույթ չէ Բալկաններում և Արևելյան Եվրոպայում` վամպիրների մասին առասպելների հայրենիքում: Եվ մինչև վերջերս ենթադրվում է, որ այս երևույթը խորթ էր Արևմտյան Եվրոպայում, սակայն ինչպես ցույց են տալիս վերջին հայտնագործությունները, մարդիկ արևմուտքում նույն կերպ վախեցել են վամպիրների վերակենդանանալուց, ինչպես և արևելքում: 2006թ.-ին Վենետիկին մոտ գտնվող Լազարետտո Նուեվո կղզում հայնաբերվեց վամպիրի գերեզման: 16-րդ դարի հնություն ունեցող կնոջ կմախքը հայտնաբերվեց ժանտախտի զոհերի գերեզմանատանը` բերանի մեջ դրված մեծ աղյուսով: Սա նույնպես համապատասխանում է ժողովրդական բանահյուսության այն մտքին, ըստ որի` վամպիրները կարողանում են բառացիորեն ուտել պատյանները, որտեղ թաղված են, և դուրս գալ դրանցից:
2. Կիտիշին, Իռլանդիա

Վամպիրների գերեզմանների հայտնաբերումն, այսպիսով, շարունակվում է արևմուտքում, այս անգամ Իռլադիայի Կիլտիշին քաղաքում` 2005-2009 ընկած ժամանակահատվածում: Հայտնաբերվածը կողք կողքի թաղված միջին տարիքի կնոջ և տղամարդու կմախքներ էին` բերաններում քարերի մեծ կտորներ: Այս հայտնագործությունը մեծ աղմուկ հանեց Անգլիայում և Իռլանդիայում և վավերագրական ֆիլմի նկարահանման պատճառ դարձավ, որը ցուցադրվել է 2011թ.-ին: Շատերը պնդում են, որ դրանք իրականում ոչ թե վամպիրներ, այլ ժանտախտի զոհեր են եղել:
1. Սաութուել, Մեծ Բրիտանիա

Բրիտոններն իսկապես կզարմանային, եթե իմանային, որ իրենց հայրենիքում այսպիսի հայտնագործություն է եղել: 2010թ.-ին պարզ դարձավ, որ 1959թ.-ին Բրիտանիայի Սաութուել քաղաքում հայտնաբերվել է վամպիրի գերեզման: Երկար ժամանակ կորած համարվող հնագիտական զեկույցի համաձայն` հայտնաբերված կմախքը պատկանում է մոտավորապես մ.թ.ա 550 կամ 700 թվականներին, և դրա սրտում, ուսերում ու կոճերի հատվածում խրված են եղել երկաթյա սեպեր: Գիտնականները իհարկե չեն հավատում, սակայն դրա սրտում խրված երկաթյա սեպը համապատասխանում է վամպիրների մասին տարածված ֆոլկլյորին, որը շատ մարդկանց ստիպում է մտածել, թե հայտնաբերվածը վամպիրի կմախք է:



