Դելֆինները շատ ավելի նման են մարդկանց, քան մենք պատկերացնում ենք: Կենսաբանները հազարավոր ժամեր են անցկացրել՝ Ավստրալիայի ափերին հետևելու դելֆինների վարքագծին։ Այս կենդանիների սոցիալական հարաբերությունները բավականին բարդ ու խճճված են. նրանք ընկերական կապեր են հաստատում, փնտրում ուժեղ կողակիցների և մերժում թույլերին, և այս ամենը միայն մի նպատակ ունի՝ բազմացում:

Իր «հանցակիցների» օգնությամբ արուների խումբը զուգավորման պատրաստ էգ դելֆինին տանում է մի տեղ, որտեղից լողալն ու դուրս գալն այնքան էլ հեշտ չի լինի: Երկու կամ երեք արու շրջապատում են էգին, այնուհետև փորձում գրավել նրան՝ դուրս թռչելով ջրից և հետաքրքիր շարժումներ անելով: Եթե էգը չի «տպավորվում» բարդ խորեոգրաֆիական շարժումներից, ապա արուները, այնուամենայնիվ, նրան թույլ չեն տալիս բաց օվկիանոս լողալ, այլ հետևում են, կծում, հարվածում:

Էգ դելֆինը մոտավորապես 4-5 տարին մեկ անգամ ձագ է ունենում: Դելֆինների էգերն ու արուները չափսերով իրարից գրեթե չեն տարբերվում:

Բոնոբո կապիկների մոտ, ընդհակառակը, գործում են էգերը, որոնք բոլոր խնդիրները լուծում են սեքսի միջոցով: Մարդիկ ու բոնոբոներն ունեն 98%-ով ընդհանուր գեներ, ինչպես շներն ու աղվեսները: Մեր ճյուղը շիմպանզեներից ու բոնոբոներից առանձնացել է մոտ 8 միլիոն տարի առաջ:

Ի դեպ, այս կապիկները դեմ չեն նույն սեռի հետ հարաբերություններին. էգերը սիրով են զբաղվում արուների և այլ էգերի հետ, իսկ արուներն իրենց հերթին դեմ չեն այլ արուների հետ հարաբերություններ ունենալուն։ Զուգավորմամբ այս կապիկները զբաղվում են ոչ միայն բազմացման նպատակով. այդ կերպ նրանք հանգստացնում են մեկը մյուսին, ընկերական հարաբերություններ են հաստատում:

Մի առանձնահատկություն բոնոբո կապիկները ևս ունեն. նրանք սեքսով զբաղվում են դեմ առ դեմ, ինչը ընդամենը տարիներ առաջ գիտականորեն համարվում էր միայն մարդկային հարաբերություններին բնորոշ հատկանիշ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել