Ժողովուրդ ջան, առանց չափազանցնելու շատ ծանր իրավիճակ է երկրում։
Ամուլսարի շուրջ ընթանում են բավականին լուրջ բացասական գործընթացներ, հասունացել է բանկային թալանի դեմ լայնածավալ հանրային բողոք, գույքահարկի բարձրացման հետ կապված դժգոհությունը չի մարում, ամեն օր կրճատվում են աշխատատեղեր, տուրիստական և հարակից սպասարկման ոլորտները մահացել է, մանր և միջին բիզնեսը աստիճանաբար հանգչում է, լարվում են հարաբերությունները դաշնակից պետությունների հետ, Թուրքիան օրեցօր ավելացնում է հակահայկական քայլերն իր ներքին և արտաքին քաղաքականության մեջ, Ադրբեջանն ակնհայտ պատրաստվում է հարձակման (այս թեմայի շուրջ առանձին կզրուցենք), Սահմանադրությունը այլևս ինչ-որ անհասկանալի հակաիրավական «թուղթ է», կորոնավիրուսի դեմ պայքարը փաստացի տապալված է և այլն, և այլն, և այլն։
Ես, իհարկե, հասկանում եմ, որ արտակարգ դրությունն ուղղակի փրկություն է իշխանության համար, քանզի թույլ է տալիս շատ կտրուկ սահմանափակել մարդկանց հանրային բողոքն արտահայտելու աստիճանը, մյուս կողմից իշխանությունները չեն դադարում պոպուլիստական, դեմագոգիկ, լկտի և ագրեսիվ իրավական և տեղեկատվական արշավն ամենախոշոր ընդդիմադիր կուսակցության հանդեպ (խոսքը, բնականաբար, ԲՀԿ-ի մասին է) և, առհասարակ, բոլորի հանդեպ, ովքեր համարձակվում են խոսել երկրում տիրող խայտառակ իրավիճակի մասին։
Հիմա հարց. իրենք գոնե հասկանո՞ւմ են, թե ինչ ծանրագույն հետևանքներ են սպասվում երկրում, թե՞, թքած ունենալով մարդկանց վրա, համառորեն գլորում են երկիրը դեպի անդունդ: