Հենրի Ֆորդը լեգենդար գործարար էր, ով հիմնադրել է ավտոմեքենաների արտադրության համաշխարհային ճանաչում ունեցող Ford ընկերությունը: Նա նախագծել և արտադրել է առաջին ավտոմեքենան, որը կարող էին իրենց թույլ տալ գնել միջին խավի շատ ամերիկացիներ: Այդ քայլով Ֆորդը ավտոմեքենան թանկարժեք ու հազվագյուտ առարկայից վերածել է պրակտիկ փոխադրամիջոցի: Նա բոլոր ժամանակների ամենաազդեցիկ մարդկանցից մեկն է եղել: Արդեն 20-րդ դարի կեսերին Ֆորդը գտել էր հաջողակ բիզնեսի գաղտնիքը, որով էլ կիսվել էր իր ժամանակակիցների հետ:
Իր խորհուրդը Ֆորդը հղել է բոլոր ղեկավարներին, որոնք մտածում են այն մասին, թե ինչպես է պետք բիզնեսում ճիշտ կազմակերպել աշխատանքային գործընթացը:
«Արտադրողի համար մի կանոն կա՝ նվազագույն գնով արտադրել լավագույն որակի ապրանք՝ աշխատողներին վճարելով, որքան հնարավոր է, բարձր աշխատավարձ»:
Ինչպես գրում է Inc. հայտնի ամսագրի ամերիկյան տարբերակի սյունակագիր Ջեֆրի Ջեյմսը, բիզնեսների ղեկավարների մեծ մասի համար հարկավոր է լսել Ֆորդի խորհրդի միայն երկրորդ մասը և անտեսել առաջին մասը:
Շատ գործարարներ կարծում են, որ իդեալական աշխատողն այն մարդն է, որը համաձայնում է աշխատել նվազագույն աշխատավարձ ստանալու դիմաց: Լեգենդար գործարար Ֆորդն այս մոտեցմանը բացարձակապես համաձայն չէր:
Նա նշում էր, որ աշխատողները վերջին հաշվարկով հանդիսանում են նաև գործարարի հաճախորդները: Եվ եթե հաճախորդները հազիվ են գոյատևում՝ ծայրը ծայրին հասցնելով, ապա, բնականաբար, նրանք չեն կարողանա նաև գործարարի ստեղծած ապրանքը գնել:
Հենրի Ֆորդի արդիական մտքերից մեկն է նաև հետևյալը. «Օդը գաղափարներով է լի: Դրանք անընդհատ բախում են ձեր մտքի դուռը: Պարզապես պետք է իմանաք՝ ինչ եք ուզում, մոռանաք այդ մասին ու ձեր գործով զբաղվեք: Գաղափարը հանկարծակի կգա»: Սա կարող է կյանքի կարգախոս դառնալ ոչ միայն ձեռներեցների ու գործարարների համար, այլ յուրաքանչյուրի: