Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:

Այս մասին վկայում են worldometers.info կայքի՝ իրական ժամանակում թարմացվող տվյալները, որոնց համաձայն՝ հունիսի 30-ի դրությամբ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 8620, մահացության ցուցանիշը՝ 149:

Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.

1. Հայաստան - 8620

2. Ռուսաստան – 4439

3. Իրան - 2711

4. Թուրքիա – 2370

5. Ադրբեջան – 1728

6. Վրաստան – 233

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.

1. Հայաստան - 149

2. Իրան – 129

3. Ռուսաստան – 64

4. Թուրքիա – 61

5. Ադրբեջան – 21  

6. Վրաստան – 4

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 30-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 415, մահվան՝ 14 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 25 542 է, մահվան դեպքերինը՝ 590:

Մեկ օրում առողջացածների թիվը 751 է, ընդհանուր առողջացածներինը՝ 14 048, փաստացի բուժվողներինը՝ 10 904 (մեկ օրում ավելացել է 350-ով): 

Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 10-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Մայոտը, Անդորան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել