Yerevan.today-ը գրում է․

«Հունիսի 22-ին Աղավնաձորի ծերանոց-պանսիոնատում (կարգավիճակը հստակեցնել Զարուհի Բաթոյանից) մասսայական թունավորման դեպք է գրանցվել, ըստ նախնական տվյալների՝ Երևանից պատվիրված սննդի պատճառով: Սննդի առաքումն արվել է Երևանի Պուշկինի 40 հասցեում գործող «էպիկուր» գաստրո-փաբից: Ըստ ունեցած տվյալների, այս զվարճանքի կենտրոնի հետ է նախարարությունը կնքել սննդի մատակակարման պայմանագիր, ըստ որում՝ խիստ յուրահատուկ պայմաններով։ Բայց այս մասին՝ հետո:

Ընդգծենք, սա այն պանսիոնատն է, որն արհեստական մոտիվացիայով ստեղծվել է, որ սպասարկի ծերատան՝ կորոնայից բուժված շահառուներին:

Ավելի վաղ Yerevan.Today-ը տեղեկացրել էր՝ Կառավարությունն արհեստական մոտիվացիայով Սոցապ նախարարությանը հատկացրել է Աղավնաձորի համալսարականական պանսիոնատը և հետն էլ՝ 150 մլն դրամ՝ պահուստային ֆոնդից:  Այդ մտահաղացումը կյանքի կոչելու համար, անմիջապես կանչվել է Խարբերդի մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանը և նրան զուգահեռաբար երկրորդ տնօրենի կարգավիճակն է տրվել՝ պանսիոնատում բացված ծերատուն-մեկուսարանի համակարգող ղեկավար:

Գրել էինք նաև պանսիոնատի գործարկման համար զավեշտալի գործարքների մասին, օրինակ՝ թե ինչպես է սոցապնախարարը տարբեր ընկերությունների հետ հապճեպ պայմանագրեր կնքել՝ ուղիղ մեկ անձից գնումով և առանց  սպասելու նախագծի հաստատմանը: Եվ այս ոչ իրավաչափ գործողությանը ուշադրություն չէր դարձվել ՀՀ ֆինաննսերի նախարարության ու Կառավարության կողմից, բայց այս մասին՝ վերջում: 

Սոցապնախարարություն-փաբ գործընկերային կապը և դրա թունավոր հետևանքները

Ավելի վաղ գրել էինք Պանսիոնատի շահառուներին Երևանի ռեստորանային ուտելիքով սնելու, մեղմ ասած, ոչ ընկալելի պետական մոտեցման մասին։ Որոշման հիմքերի մասին պաշտոնական տեղեկատվություն չկա, հատնի է միայն ծառայության մատուցման էքսցենտրիկ մասը:

Այսպես, «Էպիկուրի» մեքենան ամեն առավոտ  50 կմ-ից ավելի ճանապարհ է կտրում-հասնում Աղավնաձոր, որ շահառուներին ձու, թթվասեր ու թեյախոտ առաքի, ջուրը եռացվում է տեղում։ Հետո առաքիչը վերադառնում է մայրաքաղաք։ Կեսօրին շիլան ու կարտոֆիլի խյուսն  է եփվում, ապա նորից տաք սննդով բեռնված առաքիչ մեքենան ուղևորվում է Աղավնաձոր, դատարկում ու կրկին ետ է գալիս։ Երրորդ անգամ նույն՝ ավելի քան 50 կիլոմետր ճանապարհը «Էպիկուրի» անձնակազմը հոգնատանջ կտրում-անցնում է, որ մեր ծերերը ռեստորանային կամ փաբային ընթրիքը վայելեն:

Եթե միայն հաշվարկենք մեզ հասած տվյալներով այս ծախսի ընդհանուր արժեքը՝ մեկ օրվա համար, ապա հիմք պետք է վերցնենք սննդի համար նախատեսված օրավարձը՝ 4000 դրամ (ըստ աղբյուրի), եռահարկ  պանսիոնատի 18 հոգանոց  սպասարկող անձնակազմը և այս ընթացքում 14-23 հոգանոց շահառուների խումբը (ավելին չի սպասարկվել):

Արդյունքում կստացվի՝

18+14 x 4000 = 128․000 դրամ (օրական)

128,000 x 30 (1 ամիս) = 3 մլն 840 հազար դրամ

18+23 հոգնանոց կազմի դեպքում = 164,000 դրամ (օրական)

164 000 դրամ x 30 (1 ամիս) = 4 մլն 920 հազար դրամ

Գումարած դրան, ամեն օր, ըստ սոցապի հետ կնքած պայմանագրի, «ԷՊԻԿՈւՐ»-ի սննդով բեռնված մեքենան 3 անգամ ավելի քան 50 կմ գնում-գալիս է, այսինքն՝ օրական ավելի քան 300 կմ, որովհետև նախարարությունը շահագրգռված է հենց «ԷՊԻԿՈւՐ»-ին տալ տենդերը, չնայած նրան, որ նախկինում պետությանը մատակարարման փորձ չի ունեցել:

Այսպես, գործարքի հիմքում բացակայում է ըստ ընթացակարգի պարտադիր հաստատման ենթակա մենյուն, որում սնունդը կհաշվարկվի ըստ տեսականու և կալորիականության: Ստացվում է, որ հստակ չափորոշիչներով ու տեխբնութագրով հաստատված սննդակարգ չի կազմվել կողմերի միջև:

Թունավորման  եզրակացությունը   խոցելի է

Ահազանգից հետո մեր նկարահանող խումբը շտապեց Աղավնաձոր․ պարզվեց՝ թունավորման օրվա հաստատված մենյուն առկա չի եղել, սննդի պահանջվող մեկ լրացուցիչ բաժինը՝ ևս, որը պարադիր պետք է պահվեր նախորդ օրվանից: Կնշանակի՝ անհրաժեշտ  նմուշառուի պաշարը չի գտնվել։ Ասում են՝ չկար, բայց պետք է ուսումնասիրվեին թունավորման իրական պատճառները: Այս պայմաններում «Սննդի անվտանգության տեսչության» ու «Առողջապահության նախարարության հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի» կողմից տրվելու է պաշտոնական եզրակացությունը։

Չենք զարմանա, եթե հանկարծ պարզվի, որ թունավորման նախորդ օրվա սննդից նմուշառման կարիք չկար, թունավորման պատճառը, ասենք, 50 կմ ճանապարհ կտրած թթվասերի շոգից թթվելն է եղել: Մինչդեռ իրականում հունիսի 22-ի նախաճաշի թթվասերից առաջ՝ նախորդ օրվա ընթրիքը, եղել է քյուֆթա:

Պանսիոնատի երկու բժիշկների ինքնազգացողությունը վատացել է հենց 22-ի առավոտյան, ենթադրաբար՝ ընթրիքից ժամեր հետո (այս մասին խոսվում է տեսնյութում): Որպես կանոն, հաստատություններում պարտավոր են 48-ից 72 ժամ, պահապանել տրված սննդից մեկ բաժին, նման դեպքերի համար։ Անհրաժեշտ պայման է նաև, մատակարարի դեպքում, հատուկ ջերմային ռեժիմ պահպանող մեքենա ունենալ, առաքման համար, ինչը ևս անհայտ է, եղել է թե ոչ։

Ընդգծենք, այս մարմիններից նմուշառումներ վերցնելու մասին ինֆորմացիան, ամեն դեպքում, խիստ հակասական է․ առողջապահության նախարարությունը պնդում է, որ վերցվել է անհրաժեշտ պաշար, մինչդեռ ՍԱՏՄ-ից կցկտուր հերքում են՝ ասելով, որ սննդի մնացորդներ չեն եղել։

Իսկ տնօրեն Հարություն Բալասանյանը Yerevan.Today-ին հայտնել է, որ նմուշառու վերցվել է բացառապես հունիսի 22-ի նախաճաշից և թունավորումից տուժած անձնակազմից կենսաբանական նմուշառումներ։ Ընդգծենք՝ պաշտոնական եզրակացությունը ևս չկա:

Ինչպես երևում է տեսանյութից, ահազանգ շտապօգնություն, ոստիկանություն և ԱԻՆ չի արվել։ Դիմել են միայն ՍԱՏՄ և ԱՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոն։

Ծածկադմբոց արված թեման, ոստիկանություն ահազանգ չանելը ու մի շարք հակասություններ  հուշում են հնարավոր ներքին պայմանավորվածությունների մասին: Հիմնավոր կասկած կա, որ սոցապնախարարությում գործող անձինք մասնավոր շահի են ծառայել։ Ո՞ւմ․ հուսանք՝ կպարզենք:

Ինչո՞ւ է լռում թունավորման իրավիճակի թիվ 1 պատասխանատուն

Այսօր 6-րդ օրն է... Պանսիոնատում հետկորոնային սպասարկում ստացող ծերատան շահառուների և նրանց սպասարկող ողջ անձնակազմի թունավորման դեպքի մասին պաշոտանական ինֆորմացիա չկա:

Ստեղծված իրավիճակի թիվ 1 պատասխանատու Սոցապնախարարությունը լուռ է, նույնիսկ հիմա, երբ ծերանոցի թունավորման ինֆորմացիոն արտահոսքը կա, ու մեծ աղմուկ է բարձրացել:

Նախարար Բաթոյանին, որպես նախկին լրագրողի, խոսելու չդրդեց անգամ նախօրեի միջադեպը, որ ծագել էր թունավորման հետքերով «էպիկուր» հասած  հետաքննող լրագրողիս աշխատանքը  գործարարի կողմից  խոչընդոտելու արդյունքում:

ԸՆԴԳԾԵՆՔ՝Զարուհի Բաթոյանի գլխավորած նախարարությունը 6 օր շարունակ հարկ չի համարում թունավորմումից տուժածների վիճակի մասին գոնե ինֆորմացիա տարածել, բայց ծերատան շահառուները, ի վերջո իր պաշտպանության տակ են, նրանք ամենից անպաշտպան խավն են մեր երկրում, նրանց «տերը» սոցապնախարար Զարուհի Բաթոյանն է ի պաշտոնե, ու պետությունը՝ ի դեմս կառավարության:

Նկատենք, մինչ այս պահը լուռ են, նաև Սննդի անվտանգության տեսչությունն ու Առողջապահության նախարարությունը, իսկ ոստիկանությունում, պարզվում է, դեպքի առթիվ ընդանհրապես ահազանգ  չի արվել»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել