Կին-սամուրայը միջնադարյան Ճապոնիայում գրեթե առասպելական կերպար էր, իսկ շատ ժամանակակիցների կարծիքով՝ նաև գոյություն չունեցող: Բանն այն է, որ սամուրայների ընտանիքներում չափազանց քիչ թվով աղջիկներ էին ձեռքը զենք վերցնում: Աղջիկները պետք է լինեին նուրբ, կանացի, անօգնական. դա էր պահանջում ճապոնական մշակույթը:

Սրի կրումը չէր տեղավորվում ավանդական մտածելակերպի շրջանակներում: Աղջիկները ենթարկվում էին հայրերին, կանայք՝ ամուսիններին, իսկ եթե վերջիններս մահանում էին, ապա ընտանիքի գլուխ դառնում էր ավագ որդին: Ճապոնական ընտանիքում կինը վաղ առավոտյան արթնանում էր և մինչև ուշ գիշեր զբաղվում տնային գործերով: Նա հետևում էր տանը, երբ սամուրայ ամուսինը հերթական արշավանքին էր մեկնում: Իսկ եթե աղջկան թույլատրում էին մարտարվեստ սովորել, ապա դա բացառություն էր լինում: Եվ նման պարագայում մոռանում էին նրա՝ աղջիկ լինելու մասին ու վերաբերում էին այնպես, ինչպես մյուս սամուրայներին:

Սամուրայների մշակույթը ենթադրում էր ոչ միայն ֆիզիկական կարողությունների կատարելագործում, այլև բազմակողմանի կրթություն: Երիտասարդ մարտիկներին ծանոթացնում էին պոեզիային, սովորեցնում էին նկարել, երաժշտական գործիքներ նվագել, կալիգրաֆիայի արվեստ: Հատուկ տեղ էր հատկացվում ֆոլկլյորին. երեխաներին պատմում էին սամուրայների զարմանալի հաջողությունների մասին:

Աղջիկների մոտ պատասխանատվության զգացումը զարգացնելու համար նրանց ստիպում էին վաղ առավոտից մինչև ուշ գիշեր ծանր ֆիզիկական աշխատանք կատարել, հատուկ սննդակարգ էին նշանակում: Համարվում էր, որ սամուրայը պետք է բավարարվի քիչ քանակությամբ սննդով: Աղջիկներին սովորեցնում էին զենք օգտագործել:

Ամենահայտնի կին սամուրայներից մեկը եղել է Հոձյո Մասակոն: Նա ծնվել է 1156 թ. խոշոր ֆեոդալի ընտանիքում: Ժամանակներն անհանգիստ էին, և հայրը որոշեց դստերը որպես սամուրայի մեծացնել: Հոձյոն որսի էր դուրս գալիս տղամարդկանց հետ և ամեն օր ավելի կատարելագործում իր մարտական ունակությունները: Պահպանված աղբյուրներում Հոձյոն հիշատակվում է որպես յուրօրինակ խիզախությամբ օժտված մարտիկ:

Եվս մեկ հայտնի սամուրայ է եղել Տոմոե Հոձենը: Աղջիկը ոչ միայն շատ գեղեցիկ էր, այլև փորձառու աղեղնավոր էր: Նա ծնվել է 1157 թ., իսկ 1180-ին երկրում քաղաքացիական պատերազմ է սկսվել: Ըստ վարկածներից մեկի՝ Հոձենը մահացել է մարտի դաշտում ամուսնու հետ միասին: Ըստ մյուս վարկածի՝ ողջ մնացած մարտիկները նրան հրամայել են փախչել, քանի որ կնոջ կողքին մահանալ սամուրայներին չէր թույլատրվում:  

Ժամանակի ընթացքում կանայք դադարեցին կռվել տղամարդկանց հետ, քանի որ սամուրայների «պահանջարկը» նվազեց: Կանայք իրենց տեղը շարունակեցին առաջնահերթ գտնել տնային տնտեսությունում: Հայտնի կին մարտիկներից վերջինը եղել է Նականո Տակեկոն: Նա ծնվել է 1847 թ. ազդեցիկ քաղաքական գործչի ընտանիքում: Խիզախ աղջիկը մարտարվեստ է սովորել և, չնայած գործող արգելքին, մասնակցել ռազմական գործողություններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել