Օրական հազարավոր լուսանկարիչներ են աշխատում` անմահացնելով իրադարձություններ, վայրեր, մարդկանց և կենդանիների, սակայն դրանցից միայն հատուկենտ լուսանկարներ են գլոբալ հայտնի դառնում և հայտնի էլ մնում երկար-երկար տարիներ շարունակ: Ցավոք, ամենից հաճախ հայտնի են դառնում առավել սարսափելի լուսանկարները` արված ռազմի դաշտում, բնական աղետներից տուժած վայրերում, սակայն աշխարհում բարին էլ կա, ուստի սերը, ուրախությունն ու զվարճանքն անմահացնող լուսանկարներն էլ նույնչափ հայտնի են դառնում: Այսօր առանձնացրել ենք XX և XXI դարի ամենահայտնի լուսանկարները: Դրանցից ոմանք ապշեցնում են, ոմանք էլ սիրտն ուրախությամբ են լցնում: Սակայն դրանցից յուրաքանչյուրը խորհրդանիշ է` դարաշրջանի, իրադարձության կամ մարդկության...

Guerrillero Heroico

Guerrillero Heroico

Պարտիզան-հերոս

Էռնեստո Չե Գևարայի սև բերետով լուսանկարը հռչակվել է XX դարի ամենահայտնի և ամենաշատ օգտագործված լուսանկարը: Այն արվել է 1960 թվականի մարտի 5-ին Հավանայում: Լուսանկարիչ Ալբերտո Կորդան (Alberto Korda), որ այդ ժամանակ Ֆիդել Կաստրոյի պաշտոնական լուսանկարիչն էր, պատմում էր, որ լուսանկարն անելիս նա ցնցված էր 31-ամյա Չեի դեմքի արտահայտությունից: Նրա դեմքին էր դրոշմվել աներկբայություն, զայրույթ և ցավ: Լուսանկարը մերժվել էր «Հեղափոխություն» ամսագրի խմբագրության կողմից, և դա չափազանց տխրեցրել էր Կորդային, ով վստահ էր իր լուսանկարի ուժի մեջ: Նա կտրեց այն, տպեց մի քանի օրինակով, որոնցից մեկը կախեց իր տանը, իսկ մյուսները բաժանեց ընկերներին: Դրանից էլ ամեն ինչ սկսվեց: Նա երբեք որևէ դրամական պարգև չէր ուզել լուսանկարի համար, սակայն նա կողմ էլ չէր դրա կոմերցիոն օգտագործմանը:

Albert Einstein

Albert Einstein

Ալբերտ Էյնշտեյն 

Լուսանկարվելու օրը Էյնշտեյնը 72 տարեկան էր դառնում: Դա 1951 թվականի մարտի 14-ն էր, երբ բոլոր պարբերականները լուսանկարում էին նրան, իսկ նա չափազանց հոգնած ու զայրացած էր: UPI-ի լուսանկարիչ Արթուր Զասսեն (Arthur Sasse) վերջիններից մեկն էր և փորձում էր համոզել Էյնշտեյնին ժպտալ: Սակայն XX դարի մեծագույն ուղեղը ժպտալու փոխարեն լուսանկարչին լեզու ցույց տվեց: 2009-ին Էյնշտեյնի զվարճալի լուսանկարը աճուրդի ժամանակ վաճառվեց 74 հազար 324 դոլարով:

Afghan Girl

Afghan Girl

Աֆղանստանցի աղջիկը

«National Geographic» ամսագիրը 1984-ին նպատակ դրեց ուսումնասիրել կանաչ աչքերի գենետիկական ուղին, որը սկսվել էր դեռևս Չինգիզ խանի ժամանակներից: Ուսումնասիրության ընթացքում լուսանկարիչ Steve McCurry-ն մի աֆղանստանցի աղջկա լուսանկարեց, ում անունը, ինչպես պարզվեց 17 տարի հետո, Շարբաթ Գուլա է: Վախեցած գեղեցկուհի-փախստականի լուսանկարը հայտնվեց «National Geographic»-ի շապիկին և որոշ ժամանակ անց դարձավ Աֆղանստանի հակամարտության և փախստականների տառապանքների խորհրդանիշը:  Այժմ լուսանկարն անվանում են «աֆղանստական Մոնա Լիզա»:

Vulture Stalking a Child

Vulture Stalking a Child  

Երեխային մոտեցող գիշակերը

Այս ցնցող լուսանկարը ոչ միայն ցույց է տալիս 1993-ի Սուդանի սովի արդյունքում տուժած երեխաների տառապանքները, այլև պատմում է լուսանկարն արած լուսանկարչի բարոյական տանջանքների մասին: Կևին Քարթերը (Kevin Carter) այս լուսանկարի համար Պուլիտսերյան մրցանակ է ստացել, իսկ երկու ամիս անց ինքնասպան է եղել: Փոքրիկ ուժասպառ աղջնակը սողալով մոտենում էր հումանիտար օգնության ճամբարին, իսկ այդ ժամանակ նրա շուրջ պտտվում էր գիշակեր թռչունը` սպասելով փոքրիկի մահվանը: Քարթերը քսան րոպե շարունակ սպասեց հաջող կադրի, ապա միայն քշեց թռչունին, իսկ աղջիկը շարունակեց սողալ: Լուսանկարչի վրա քննադատության և մեղադրանքի մի հսկա ալիք թափվեց:

The Falling Man

The Falling Man

Ընկնող մարդը

2001-ի սեպտեմբերի 11-ին ահռելի քանակությամբ լուսանկարներ ու վիդեոնյութեր արվեցին: Սակայն միայն այս լակոնիկ լուսանկարը դարձավ ամենահայտնին: Այն ցույց էր տալիս ոչ միայն քաղաքի, երկրի և ողջ աշխարհի ողբերգությունը, այլև այդ օրը մահացած յուրաքանչյուր մարդու հուսահատությունն ու ողբերգությունը: Լուսանկարը պատկանում է «Accosiated Press»-ում ավելի քան 40 տարի աշխատող Ռիչարդ Դրյուին (Richard Drew): Այս լուսանկարն անվանում են XXI դարի մարդկային հուսահատությունը պատկերող ամենահզոր գործը:

Lunch atop a Skyscraper

Lunch atop a Skyscraper

Լանչ երկնաքերի գագաթին

Ռոկֆելլերի կենտրոնի 69-րդ հարկում ճաշող անվախ շինարարները լուսանկարվել են Չարլզ Էբբեթսի (Charles C. Ebbets) կողմից 1932 թվականին:

V-J Day in Times Square

V-J Day in Times Square

Համբույր Թայմս-սկվերի վրա

Աշխարհի ամենահայտնի համբույրի լուսանկարի հեղինակը Ալբերտ Էյզենշտադտն է: Այն արվել է 1945 թվականի օգոստոսի 14-ին` Ճապոնիայի պարտության օրը: Բազմամբոխ քայլերթում լուսանկարի հեղինակը ժամանակ չունեցավ պարզելու հերոսների անունները, ուստի նրանք երկար ժամանակ անհայտ էին մնում: Միայն 1980 թվականին պարզ դարձավ` լուսանկարին պատկերված բուժքույրը Էդիթ Շեյնն էր: Իսկ նավաստու անունն այդպես էլ հայտնի չդարձավ: Ահա թե ինչ է պատմում լուսանկարիչը. «Փողոցում մի նավաստու տեսա, որ այս ու այն կողմ էր վազում և համբուրում ամեն պատահած կնոջ: Ես էլ վազում էի նրա հետևից և լուսանկարում նրան: Սակայն ոչ մի նկար ինձ դուր չէր գալիս: Ես շրջվեցի և լուսանկարեցի այն պահը, երբ նա համբուրում էր մի բուժքրոջ: Եթե կինը մուգ գույնի զգեստ հագած լիներ, ես երբեք չէի լուսանկարի նրանց»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել