Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը 31,3 մլրդ դոլար է անհրաժեշտ մինչև 2021 թվականի ավարտը COVID-19-ի թեստերի, պատվաստանյութերի և դեղերի մշակման և տարածման ծրագրերի զարգացման համար: Այդ մասին ասված է ԱՀԿ-ի կողմից գործարկված ACT-Accelerator նոր կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցների մշակումն արագացնելու միջազգային գործընկերության ծրագրի հայտարարության մեջ, գրում է New York Times-ը։

ACT-Accelerator-ը ապրիլի 24-ին ստեղծվել է ԱՀԿ-ի կողմից՝ Եվրամիության, Ֆրանսիայի, Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամի հետ համատեղ: Հունիսի վերջի տվյալներով՝ ծրագիրն արդեն ստացել է 3,4 մլրդ դոլարի չափով ֆինանսական օգնություն:

«Այսօր ներկայացված պլանների համաձայն՝ ախտորոշման, թերապևտիկ միջոցների և պատվաստանյութերի ֆինանսավորման համար անհրաժեշտ է 31,3 մլրդ դոլար, որոնցից այսօրվա դրությամբ առկա է 3,4 մլրդ դոլարը։ Այսպիսով, անհրաժեշտ է ևս 27,9 մլրդ դոլար՝ ներառյալ 13,7 մլրդ դոլար՝ հրատապ կարիքները բավարարելու համար»,- ասված է հայտարարության մեջ:

Ինչպես նշվում է, ԱՀԿ-ի ծրագիրը հույս ունի այդ գումարով արագացնել պատվաստանյութի մշակումը, ավելացնել մատակարարումները և 2021 թվականի կեսերին 500 մլն թեստեր բաշխել և ձեռք բերել երկու միլիարդ չափաբաժին պատվաստանյութեր, որոնցից մեկ միլիարդը՝ 2021 թվականի վերջին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել