Shantnews.am-ը գրում է․
ԱՄՆ գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին խոսել է ԱՄՆ Կոնգրեսի լսումներին COVID-19-ի դեմ պատվաստանյութի ստեղծման մասին: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի Ձայնը»:
ԱՄՆ գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին մասնակցել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի էներգետիկայի ու գործարարության հանձնաժողովի լսումներին COVID-19-ի դեմ պատվաստանյութի ստեղծման հարցով: Ֆաուչին իր խոսքում վերահաստատել է նախորդ իր հայտարարությունը, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութի ստեղծումը ընդհանուր տևում է մոտ մեկ տարի: Ըստ նրա՝ չի բացառվում, որ այն պատրաստ կլինի այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին:
«Ես կարծում եմ, որ երբ, այլ ոչ թե եթե, մենք ստանանք վերջնական արդյուքներ պատվաստանյութի հարցում, մենք այն հասանելի կդարձնենք ամերիկյան հանրությանը: Ինչպես նշել եմ այս հանձնաժողովում ամիսներ առաջ, պատվաստանյութը կարող է պատրաստ լինել մեկ տարի անց մեր աշխատանքների մեկնարկից: Այդ ժամանակացույցը համընկնում է այս տարվա վերջի կամ հաջորդ տարվա սկզբի հետ»,- ասել է Ֆաուչին:
Նա տեղեկացրել է կոնգրեսական հանձնաժողովին, որ մի քանի ընկերություններ աշխատում են տարբեր փուլերում, իսկ մեկ ընկերություն հուլիս ամսից կսկսի հետազոտության և փորձերի վերջին երրորդ փուլը: Ընկերության արդյունքները լավատեսություն են ներշնչում պատվաստանյութի պատրաստման հարցում:
«Մենք լավատեսորեն ենք տրամադրված՝ հենվելով ֆինանսական այն բոլոր ռիսկերի վրա, որին գնացել ենք: Այդ ռիսկերը կապված են միմիայն ֆինանսների, այլ ոչ թե առողջության, անվտանգության կամ գիտության ոլորտի հետ: Մենք այս հարցում ցանկանում ենք լինել առաջատար դիրքերում»,- ասում է համաճարակաբանը:
Իր հերթին ԱՄՆ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի տնօրեն Ռոբերտ Ռեդֆիլդն ընդգծում է՝ կառույցը պատրաստվում է գրիպի հաջորդ սեզոնին, որը կորոնավիրուսի հետ մեկտեղ էլ ավելի կմեծացնի ճնշումը հիվանդանոցների ու առողջապահության ոլորտի վրա: Նա կոչ արեց պատվաստվել գրիպի դեմ:
«Կոչ եմ անում ամերիկացիներին պատրաստ լինել և օգտագործել գրիպի դեմ պատվաստումը հանուն Ձեզ, Ձեր ընտանիքների ու համայնքների: Դա կարող է փրկել բազմաթիվ կյանքեր»,- նշել է Ռեդֆիլդը: