Մի ուրվական է շրջում…տիեզերքում…
Ուրվականի աչքերը լցված են քո մանկության դժվարին արցունքներով, քո հաջողությունների որախությունով, մի այնպիսի սիրո զգացումով, որ արդեն հազարավոր տարիների ընթացքում փորձում ու չեն կարողանում լիովին պատկերել ոչ բանաստեղծները, ոչ նկարիչները, ոչ երաժիշտները…
Մի ուրավական է շրջում…Եվրոպայում…
Սա հանրաճանաչ ուրվականներից ոչ մեկն էլ չէ:
Սա ուրիշ է…
Խոսքեր չկան նկարագրելու այն հսկա քայլերը, որ կատարելով անցնում է ամբողջ աշխարհով մեկ ու ամեն տեղ թողնում է իր բարի ու հոգատար հետքերը…հետքեր որոնց առջև ծնկում ու աղոթում են նույնիսկ այնպիսի մարդիկ, որոնց հաճախ ցանկացած հասարակություն որպես մարդ չի ընդունում:
Մի ուրվական է շրջում… քո կողքը…քո մեջ… աշխարհի մեծագույն հրաշքը:
Դրսում երբ ջերմաստիճանը նորմալ սահմաններում է դու քեզ լավ ես զգում:
Երբ բարձրանում է, փորձում ես թաքնվել որևե ստվերում:
Երբ իջնում է փնտրում ես մի տաք տեղ…
Այդ ուրվականի գրկում միշտ քեզ զգում ես հարմարավետ ու հաճելի թե տաք, թե սառը ժամանակ, քանի որ նրա էներգիան անսպառ է քո հանդեպ:
Էներգիան սերն է, իսկ նրա սերն իրոք անսպառ…
Ասում են երբ սիրում ես ուրեմն Մարդ ես, մնացած ժամանակ գոյություն ես պահպանում, իսկ նրան դու ՄԻՇՏ ես սիրում ուրեմն դու նրա համար միշտ մնում ես Մարդ:
Իսկ նա քեզ կսիրի ոչ թե միշտ՝ այլ հավերժ…
* * *
Ամենածանր զգացմունքը դա միայնությունն է, երբ ֆիզիկապես մենակ չես, բայց հոգեպես քեզ զգում ես միայնակ:
Հոգեպես միայնակ տղամարդիկ ապրում են մոտ տասնհինգ տարի պակաս, այն դեպքում երբ միայնակ կինը պակաս է ապրում ընդամենը մեկ ու կես տարի:
Ննջարանում մութ է:
Երկուսի մեջքերը հպված են իրար: Երկուսն էլ գիտեն, որ քնած չեն ու ոչ մեկը չի փորձում խանգարել լռությանը:
Տասնհինգ րոպե:
Րոպեներն անցան տարվա արագությամբ ու կարծես տեղ հասան:
- Ի՞նչ եմ արել քո մորը, ինչո՞ւ ինձ չի սիրում, ես չեմ հասկանում:
Կամ ինչ պարտադիր է որ քո ծննդյան օրը ներկա լինի: Մենք հավաքվում ենք մեր հասկակակիցների շրջանակով: Միգուցե քեզ թվում է, որ ես քեզ պակաս եմ սիրո՞ւմ:
Դե մի բան ասա, հո քա՞ր չես:
Արմունկով զգույշ հարվածեց ամուսնուն:
- Հավեսդ չունեմ, քնի՛ր…եթե կարող ես:
- Ինչպե՞ս քնեմ, սիրտս պայթում է, ի՞նչ եմ ասել, որ արդեն տարուց ավել է մեր տուն չի գալիս:
Ընդամենը ասացի, որ զուգարանից հետո խոհանոցում չեն լվացվում: Սխալ եմ, դե մի բան ասա:
- Թող քնեմ, այս տարի էլ ես ուզում փչացնել ծնունդս:
Ինչո՞ւ ես ասել, որ էլ երեխաների համար ճաշ չպատրաստի, որ տները չմաքրի մինչև մեր գալը, ինչո՞ւ ես ասել, որ լվացքը մեր շորերի հետ միասին չանի…մոռացե՞լ ես որ քո ծննդյան օրը քեզ թանկագին մուշտակ էր բերել, մոռացել ես չէ՞, եթե դա քո մայրը դա աներ, հիմա ամբողջ աշխարհը կիմանար:
- Առաջինը այդ մուշտակը քո փողերով էր գնել, նրան փող որտեղի՞ց, ես գիտեմ, որ դու ես ամեն ամիս տալիս նրան, երկրորդը՝ ի՞նչ կա այդտեղ վատ բան: Նրա մեկ օրում օգտագործած յուղով ես մեկ շաբաթ ճաշ կսարքեմ, գունավոր լվացքը խառնում է սպիտակեղենի հետ, չի կարողանում կռանալ բազկաթոռների տակ փոշեկուլով…ասել եմ հանգիստ նստիր ու հեռուստացույց նայիր:
Լավ, դա թողնենք, գիտե՞ս քեզ ինչ նվեր եմ գնել, ասե՞մ թե…
- Իմ փողերով ես գնել, մի մոռացիր:
- Ի՞նչ տարբերություն: Գիտե՞ս ում եմ հրավիրել, որ իմանաս ուրախությունից կպայթես:
Կինը շուռ եկավ դեմքով դեպի նա ու ձեռքերով փաթաթվեց նրան:
- Թո՛ղ, քնում եմ:
- Չե՛մ թողնի: Սիրում եմ քեզ:
- Հա, գիտեմ, որ սիրում ես, բայց դու, մեր տղան ու աղջիկն այքան ժամանակ եք խլում, որ չեմ կարողանում հաճախ այցելել մորս:
- Ի՞նչ ես դու էլ հա մորս, մորս, մենք քո համար չկա՞նք:
Տղամարդը հեռացրեց կնոջ ձեռքերը, մի քիչ կոպիտ ստացվեց:
Վեր կացավ անկողնուց ու մոտեցավ պատուհանին:
Երկար նայեց պատուհանագոգին լիցքավորման դրած հեռախոսին:
Վերցրեց հեռախոսը:
- Այս ժամին ո՞վ կա արթուն, որ զանգում ես,- կնոջ ձայնն արձագանքեց գիշերվա լռության մեջ:
Առաջին իսկ զանգից հեռախոսը միացավ:
- Մա՞մ, քնած չես, որ առաջին զանգից վերցրեցիր
- Արսեն ջան, ցավդ տանեմ ի՞նչ է եղել: Հո բան չի՞ պատահել:
- Ոչինչ մա՛մ, ուզում էի հարցնել ինչպե՞ս ես, մեկ էլ մի բան ասեմ…
- Արսեն, ճիշտն ասա, Լարիսայի հետ եք վիճե՞լ, տղաս, նա կին է դու պետք է զիճես…
- Մա՛մ, լավ էլի, Լարիսան ի՞նչ կապ ունի, ուզում էի ասել, որ ծննդյանս օրը քեզ մոտ եմ լինելու, իրար հետ կնշենք, այս անգամ այդպես եմ ուզում, կլինի՞:
Մենակ թե մամ ջան իմ սիրած դոլման կեփես լա՞վ, ինչ որ պետք է ես վաղը կբերեմ:
Կինն անկողնում նստած լալիս էր:
- Լարիսայի ձայնն եմ լսում, Արսեն մի արա այդպես, խնդրում եմ:
- Մա՛մ, պայմանավորվեցինք, դե բարի գիշեր:
Չսպասեց պատասխանի անջատեց ու վերադարձավ անկողին:
Կինը դեռ արտասվում էր:
- Մեքենան մեկ շաբաթից վաճառում եմ, գնորդ եմ գտել: Հորս գերեզմանի քարը այդպես էլ սարքել չտվեցի, տասնիննը տարի է ու ոչ մի բան չեմ ձեռնարկել:
Կարծես խոսում էր ինքն իր հետ, արդարանո՞ւմ թե զրուցում լռության հետ:
Կնոջ հեծկլտոցի ուժեղացող ձայնը չէր խանգարում:
* * *
Առավոտյան երբ արթնացավ, կինը դեռ քնած էր, ինչը զարմացրեց նրան:
Միշտ նա է սուրճը պատրաստում:
Միգուցե քնա՞ծ չէ:
Աշխատանքից հետո շտապում էր:
Ինչ որ հարկավոր էր արդեն գնել էր, բայց մի տեսակ նյարդայնացած էր:
Ճանապարհին մի կին ձեռք բարձրացրեց:
Շտապում էր, բայց չհասկացավ թե ինչու, աջ քաշեց մեքենան:
Մինչ կնոջ մոտենալը հայելու մեջ նայում էր նրան:
Ցանցավոր զուգագուլպաներով է, ոչ մի արտառոց բան և ինչո՞ւ է այդքան ուրախ:
- Ազատություն, կտանե՞ք,- նորից ժպտում է:
- Ազատության հասնելու համար հարկավոր է շատ չարչարվել:
Տեղավորվեց կողքի նստատեղին ու չի փորձում ուղղել կարճ շրջազգեստը:
- Տղամարդկանց մոտ վերադարձե՞լ է հումորը, վաղուց չկար, համենայն դեպս ես չէի լսել:
- Ես մինչև «Լամբադա» կամուրջն եմ գնում, հետո աջ, «Դավիթ Անհաղթ»-ով, հարմա՞ր է:
- Հարմար է, պատկերացնո՞ւմ եք, տատիկիցս մնացած մի հին ժամացույց ունեի, որոշել էի վաճառել, մի այնպիսի լավ գին տվեցին, որ քիչ է մնում ուրախությունից թռչեմ:
Շատ եմ չէ՞ խոսում:
- Այո, շատ, բայց ոչինչ:
- Այսօր ամուսնուս ծննդյան օրն է, շտապում եմ տուն, չնայած դրա կարիքը չկա, ամուսնուս մայրը տանն է, ամեն ինչ կանի, ինձ մնացել է ընդամենը մի շիշ գինի ու մեկ շիշ կոնյակ գնել:
- Իսկ ի՞նչ նվեր եք գնել ամուսնու համար:
- Ոչ մի, գումարը լրիվ կտամ իրեն, թող անվադողեր գնի ձմեռվա համար, շատ էր ցանկանում:Լավ է չէ այդպես:
- Իհարկե, ի՞նչ խոսք, մեկ կանգառից թեքվելու ենք, այստեղ հարմա՞ր է:
Իջավ, նայեց, ժպտաց, երևի դա էր շնորհակալությունը, որը գնահատվեց իմ իսկ ժպիտով:
Ուրախ քայլերով հեռացավ առանց ետ նայելու :
Մուտքի մոտ դրված նստարանին շենքի կանայք են նստած:
Մայրս էլ է այնտեղ:
Երբ մեքենան կանգնեցրի, դանդաղ մոտեցավ ու գրկեց:
- Արսեն ջան, բոլորին ասել եմ, որ գալու ես ինձ հետ անցկացնելու օրդ:
Ի՞նչ լավ օր է այսօր ինձ համար:
- Մա՛մ, ինչո՞ւ ես ասել բոլորին, ինչի՞ համար:
- Ուրախությունից:
- Մամ, մի տեսակ ես, վա՞տ ես զգում:
- Ոչ, Արսեն ջան, բարձրանա՞նք, բայց բան ունեմ ասելու:
- Ասա մամ, միգուցե բա՞ն է պակաս:
- Չէ, ասում եմ հետո կարո՞ղ ենք գնալ հորդ մոտ, դե մի կես ժամով, ես մենակ չեմ կարողանում…
- Մամ, հիմա գնանք, հետո կգանք տուն, ես քո մոտ կգիշերեմ, դե՞մ չես:
Մոր հագին այն շորն էր, որով վերջին անգամ ամուսնու հետ, ինչպես պատմել էր, նշել էին իրենց ամուսնության տարեդարձը:
- Մամ, ջան, ես քեզ միշտ փող եմ տալիս, ինչո՞ւ նոր շոր կամ…
- Գնացի՞նք:
* * *
- Մա՛մ, այստեղի՞ց էինք թեքվելու ձախ:
- Ոչ, Արսեն ջան, մյուսից ու ձախ պետք է թեքվենք, չե՞ս հիշում տղա ջան: Անպայման հիշիր, ինձ հո ուրիշ տեղ չե՞ս թաղելու:
- Լավ էլի, մամ ջան: Այքան գերեզմաններ են ավելացել, որ մարդ ճանապարհ կհիշի՞:
Երբ մոտեցան գերեզմանին Արսենը զարմացած նայեց մորը:
- Մա՞մ, սա է՞, չե՞ս շփոթել, կարծեմ…
- Կարդա, քարին գրվածը:
Գերեզմանին սև բազալտե քար էր կանգնած, գերեզմանի մեջ էլ խնամված ու մաքրված:
Հոր անուն ազգանունի, ծննդյան ու մահվան տարեթվերի կողքը նաև մոր անուն ազգանունն էր, մահվան տարևիթիվը բաց թողած:
- Մա՞մ…
- Սա քո տված փողերով է, Արսեն ջան, հավաքել եմ տարիներով, սա ինչպե՞ս ասեմ, վատ չզգաս, բայց իմ նվերն է քեզ, որ հետո շատ չչարչարվես, միայն մահվան տարեթիվը կասես ուստա Գառնիկին, մուտքի մոտ միշտ նստած է, , դա էլ է վճարված:
…Բնակարանում ամենն ինչ նույնն էր, հավաքված, ամեն իր իր տեղում:
- Մամ, հիմա կսկսեմ խառնել բնակարանդ փոքր երեխայի նման, հիշում ես:
- Հա , ցավդ տանեմ, ինչ ուզում ես արա: Հիմա դոլման կբերեմ: Պատշգամբում գինի կա, բեր:
Հոտ քաշեցի: Գինի թթված էր,երևի քացախ էր դարձել:
Միշտ զարմանում էի, թե ինչպես է կարողանում այդքան հավասար չափերի փաթաթել դոլման:
Ես միշտ սիրում էի երբ դանակով ամեն մի հատիկ կտրում սարքում էր երկու կտոր նոր դնում էր իմ ափսեի մեջ:
Հիմա էլ նստած նայում է թե ինչպես եմ ուտում:
- Մա՞մ, խմենք:
- Արսեն ջան, քեզ երկար կյանք տղա ջան, ես ճնշում ունեմ, դու խմիր, - լաց է լինում:
- Լավ մամ ջան, ուրախ օր է, ինչո՞ւ ես լաց լինում:
- Ուշադրություն մի դարձրու, դու կեր:
Քացախ դարձած գինին անհասկանանալի հաճելի համ ուներ:
- Հեռախոսդ ինչու ես անջատել, միգուցե զանգեն:
- Մամ, այսպես լավ է, հանգիստ, ես քո մոտ ինձ շատ լավ եմ զգում, իրոք, վերջում էլ սուրճ, չէ՞:
* * *
Այդ ծննդյան օրը Արսենի կյանքի ամենալավ օրն էր:
Այդ օրը վերջին ընթրիքն էր ամենահարազատ մարդու հետ:
Նա հետո էր դա զգալու, հասկանալու:
Մի քանի օր անց այնքան անսպասելի մահացավ մայրը, որ նա չկարողացավ ոչինչ ձեռնարկել, նույնիսկ փորձ անել հասցնելու հիվանդանոց:
Մահացավ խաղաղ ժպիտը դեմքին, այն նույն շորով, որը որ հագել էր Արսենի ծննդյան օրը:
* * *
Քանի դեռ Տիեզերքում, Աշխարհում, Քո կողքը, Քո մեջ գոյություն ունի Որվականը, ուրեմն դու միշտ գտնվում ես նրա հոգատար ձեռքերի, խոնավ աչքերի ու քեզ համար անհանգիստ բնավորության…գրկում:
Այդ ուրվականի անունն է Մայրիկ…
* * *
Թաղմանը մի Տեր-Հայր էր ներկա, որը չգիտես ինչու աղոթելու փոխարեն կիսաձայնով մրմնջում էր.
- Պահպանեք ձեր ծնողներին: Նրանք միակն են, որ անկեղծ ուրախանում են ձեր հաջողություններով ու անկեղծ տառապում են ձեր անհաջողություններով: Ավելի հաճախ եղեք նրանց հետ, քանի որ այն օրը, երբ կբաժանվեք նրանցից կգա շատ անսպասելի ու միշտ ոչ ժամանակին:
Ձեռքի բուրվառը խնկահոտը տարածում էր լռության վրա:
Լռությունն էլ ամաչկոտ չէր ու բղավում էր ականջներում.
- Մա՛մ, սոված եմ…
- Մա՛մ, սրբիչը բեր…
- Մա՛մ, չմոռանաս շորերս արդուկել…
- Մա՛մ, գուլպաներս…
- Մա՛մ…
- Մա՛մ…
- Մա՛մ, ես այստեղ եմ… եկա՛: