Հարգելի պարոն քաղաքապետ.

Ձեզ անհանգստացնում է Երևան քաղաքի շարքային քաղաքացի: Ինչպես ես, այնպես էլ Երևանի բազում քաղաքացիներ հարգում ենք Ձեր կողմից ընդունված շատ որոշումներ, բայց լինենք ավելի ռեալիստ. Մենք չենք տեսնում Ձեր կողմից ասված <<Ավելի լավ Երևան>>: Եթե անկեղծ` մենք մեծ հաճույքով կապրենք ավելի հին ու ավելի <<վատ>> Երևանում: Ինձ թվում է, որ այն ավելի <<լավն է>> Ձեր ու Ձեզ նման շատ պաշտոնյաների ու օլիգառխների համար: Բայց նախ և առաջ այս քաղաքը բաղկացած չէ միայն բարձրաստիճան պաշտոնյաներից ու օլիգառխներից. այն ավելի շատ բաղկացած է հասարակ, բանվոր, հազիվ հացի փող ապահովող քաղաքացիներից: Քաղաքացիներ, ովքեր մի քանի ամիս առաջ իրենց ձայնը տվեցին Ձեզ հավատով, որ կտեսնեն <<Ավելի լավ Երևան>>: Բայց արդյունքում` հիասթափություն: Քաղաքը գնալով ավելի ու ավելի է նմանվում գերեզմանոցի, որն արտաքինից շատ գեղեցիկ է, բայց ներքուստ այն գնալով փչանում է:
Իսկ այժմ հիասթափության նոր ալիքը տրանսպորտի ուղեվարձի բարձրացումն է: Եթե անկեղծ, ապա կուզենայի իմանալ` Ձեզ դո՞ւր է գալիս քաղաքում ստեղծված իրավիճակը, Ձեզ դո՞ւր է գալիս, որ այսօր իրար դեմ են դուրս գալիս երթուղայինի վարորդն ու ակտիվ քաղաքացիները: Քաղաքացիներ, ովքեր համոզված եմ, որ չէին ուզի, հակառակվել վարորդներին, որոնք նույնպես աշխատում են մի կտոր հաց տուն տանելու հույսով: Իսկ Դու՛ք ի՞նչ եք մտածում, շարունակելու եք լավություն անել գծի տերերին, որ հանկարծ նրանք այս թանկացումից չտուժե՞ն, թե ի վերջո մարդկային ինչ որ մի բան Ձեր մեջ կշարժվի: 
Բավական է, միքիչ էլ մտածեք Ձեր քաղաքացիների մասին: Թույլ տվեք նրանց զգալու, որ նրանք ունեն քաղաքապետ, ով կանգնած է ժողովրդի թիկունքին: Եղեք այն առաջիններից մեկը, ովքեր կարող են դառնալ ԻՍԿԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ: Մենք նման քաղաքապետերի կարիքն ունենք:
Շնորհակալություն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել