Ինչպես արդեն հայտնի է, ՀՀ կառավարության 2015թ.-ի հունվարի 25-ի 224-Ն որոշմամբ սահմանափակվում է նաև ՊՈԱԿ-ի ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը՝ 6 ամիս (հղումն այստեղ):

Ի պատասխան մեր բազմաթիվ գրությունների, թե ԿԳՄՍ նախարարությունն ինչու է ապօրինաբար ձգձգում ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը, երբ այն արդեն լրացել էր այս տարվա փետրվարին, և փաստորեն, պետությանն էական վնաս է պատճառվում, ԿԳՄՍ նախարարությունը, շատ լավ հասկանալով, որ դա խախտում է, առերևույթ կեղծիքով առանց իրավական հիմնավորման պարզապես ծաղրական պատասխաններ է ուղարկել՝ նշելով, թե այդ իրավական ակտերը բուհերի վրա չեն տարածվում (պատասխաններից մեկը կցված է):

Եվ ահա, արդեն 9 ամիս անց հովանավորչության մասին մեծ աղմուկից հետո ԿԳՄՍ նախարարը ստիպված ՀՊՏՀ ռեկտորի մրցույթի հրաման է արձակում (կցված է), իսկ այդ հրամանի հիմքում, բնականաբար, դրվում է Կառավարության վերոնշյալ որոշումը, որը ամիսներ շարունակ իբր «չէր տարածվում ՀՊՏՀ-ի վրա»: Ի դեպ, այս հրամանը մեզ ստիպված ուղարկեցին հարցման երկրորդ փորձից միայն…

Այս բացահայտումը փաստում է, որ սա ոչ թե պարզապես օրենքի խախտում է, այլև, հաշվի առնելով ակնհայտ գիտակցաբար կատարելու փաստը, քրեական հանցագործություն: 6-րդ ամսից հետո ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարի միայն ստացած աշխատավարձն արդեն պետությանը հասցված մի քանի միլիոն դրամի վնաս է: Սակայն սա դեռ վնասի փոքր մասն է՝ հաշվի առնելով վնասի այն չափը, որը հասցվել է 3 ամիսների փաստացի ապօրինի հրամաններով: Եվ պետությանը հասցված այս վնասի անմիջական պատասխանատուն ԿԳՄՍ նախարարությունն է, որի պաշտոնյաները, գիտակցելով խախտումը, մեր հարցումների ամողջ ընթացքում դիտավորությամբ չեն կանխել վնասը: Ի դեպ, պաշտոնակատարի 6 ամիսը լրացել էր փետրվարի 22-ին, և հետևաբար համավարակով պատճառաբանելու հնարավոր փորձերը ևս առոչինչ են:

Հ.Գ. ՀՀ Քրեական օրենսգիրք
Հոդված 309. Պաշտոնեական լիազորություններն անցնելը

«1. Պաշտոնատար անձի կողմից ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ԱԿՆՀԱՅՏՈՐԵՆ դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով»:

Հոդված 314. Պաշտոնեական կեղծիքը
«1. Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ԱԿՆՀԱՅՏ ԿԵՂԾ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել