Ermenihaber.am-ը գրում է․

Թուրքիայի Սահմանադրական դատարանը վճռել է, որ քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը պետք է ազատ արձակվի։

Դատարանը սահմանել է, որ Դեմիրթաշի կալանավորման ողջամիտ ժամկետը վաղուց սպառվել է, հետևաբար խախտվել են նրա անձնական ազատության և անվտանգության իրավունքները։ ՍԴ-ի որոշմամբ՝ Դեմիրթաշն իր իրավունքների ոտնահարման համար 50․000 լիրայի (շուրջ 7300 ԱՄՆ դոլար) բարոյական փոխհատուցում պետք է ստանա։ Փոխհատուցումը պիտի վճարի Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարությունը։

Դեմիրթաշի փաստաբան Բենան Մոլուն ընդգծել է, որ իր պաշտպանյալի կալանավորման առավելագույն ժամկետը լրացել է դեռևս 2019թ․ սեպտեմբերի 20-ին, իսկ դրանից հետո անազատության մեջ անցկացրած յուրաքանչյուր օր Դեմիրթաշի իրավունքների խախտում է։

Նշենք, որ ԺԴԿ նախկին համանախագահը կալանավորվել էր 2016թ․ նոյեմբերի 4-ին՝ «ահաբեկչական խմբավորման պրոպագանդա կատարելու», «ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» և նմանատիպ մեղադրանքներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել