«Իրատես» թերթը գրում է. «Չգիտեմ՝ ոստիկանը մերն է, թե ոչ, բայց մի բան հստակ է՝ նրա գործելաոճը չի փոխվում: Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ականջը կանչի` «ոստիկանությունը միշտ էլ օրվա իշխանությանն է ծառայում»:

Այսօրվա «գահակալները» պահանջում են՝ արտակարգ ռեժիմի քողի ներքո ցրել բոլոր տեսակի ցույցերը, չէ՞ որ ժողովրդի սերն ու համակրանքը վայելող իշխանության դեմ ոչ ոք բողոքել չի կարող: Ներեցեք, ոչ թե չի կարող, այլ իրավունք չունի, քանզի նորերը սեր են քարոզում: Էսթետիկ սեր, ինչի ամեն երկրորդ խոսքն «ասֆալտին փռելն» ու «պատերին ծեփելն» է, «վզներից բռնելն» ու «դուրս շպրտելն» է:

Հոգեբանների ու փիլիսոփաների մի ամբողջ բանակ է պետք չլսված ու չտեսնված սիրո այս նոր բանաձեւը վերծանելու եւ աշխարհին մատուցելու համար: Ինչեւէ, բուն ասելիքիս գամ: Լրագրողներս ոստիկանների բռնի ու անհամաչափ գործողություններից միշտ ենք տուժել:

Անկեղծ չի լինի, եթե ասեմ, որ իշխանափոխությունից հետո մտածել եմ՝ ոստիկանությունն այլեւս երբեք ձեռք չի բարձրացնի ՀՀ քաղաքացու, առավել եւս՝ մասնագիտական պարտականություններն իրականացնող լրագրողների վրա: Ավելին՝ համոզված եմ եղել՝ եթե հարկ լինի, «դուբինկաները» նորից գործի են դրվելու: Ասածիս ապացույցն օրերս ԱԱԾ-ի դիմաց մասնագիտական պարտականությունները կատարող գործընկերներիս նկատմամբ ոստիկանների իրականացրած հատուկ գործողություններն էին, ինչի ժամանակ նրանք ոչ միայն հրմշտել, այլեւ հարվածել էին լրագրողներին, փառք Աստծո՝ դեռեւս միայն ձեռք ու ոտքով:

Ուժայինների քայլերից առավել քան ցավալի է այն չինովնիկների հայտարարությունը, որոնք, նախքան տաքուկ ու ամենազոր աթոռ զբաղեցնելը, իրենք էլ լրագրող են եղել ու ոստիկանների բռնի ուժը սեփական մաշկի վրա զգացել: Այժմ, սակայն, փոխանակ դատապարտելու, հայտարարում են, թե «նոր» Հայաստանում ոստիկաններն աջուձախ թավիշ են սփռում: Զորակցությունս հայտնելով ԱԱԾ-ի դիմաց մասնագիտական պարտականությունները կատարելու ժամանակ «մեր» ոստիկանների կողմից ծեծ կերած լրագրող գործընկերներիս՝ ազատ խոսքի մասին «լոլոներ» կարդացող պատգամավորներին հիշեցնում եմ՝ փափուկ աթոռից մի օր շատ ցավոտ վայր եք ընկնելու, ու ոստիկանական մահակը, դամոկլյան սրի նման, նաեւ ձեր գլխավերում է կախվելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել