1in.am-ը գրում է.

Լրագրող, հասարակական գործիչ Անի Քոչարը, ով Երևանի ավագանու ընտրություններում զբաղեցնում էր «Բարև, Երևան» ցուցակի 10-րդ տեղը, վաղը ակցիա կանցկացնի՝ իր սեփական մեքենայով կանգառից ուղևորներ տեղափոխելով և հորդորելով մարդկանց 100 դրամ վճարել:

Նա նշեց, որ թեև ուսանողական տարիներից այլևս քաղաքային տրանսպորտից չի օգտվում, բայց դա չի նշանակում, որ ինքն անտարբեր է խնդրի նկատմամբ: 

«Ես առաջին իսկ օրվանից զայրացել եմ, որ ոչ միայն թանկացրել են տրանսպորտը, այլ նաև շատ այլ բաներ մեր երկրում օր օրի թանկացնում են: Ինձ միշտ մի հարց է հետաքրքրում՝ այդ ամենն ինչի՞ հաշվին է արվում, որովհետև մի երկրում, որտեղ առանձնապես աշխատավարձերը չեն բարձրանում, նպաստները, թոշակները՝ նույնպես, և մեծ հաշվով մարդկանց եկամուտները չեն փոխվում, շարունակաբար ամեն ինչ թանկանում է: Արդյունքում անփոփոխ եկամուտ ունեցող մարդիկ հայտնվում են ծայրահեղ վիճակում»,- ասաց Անի Քոչարը:

Ըստ նրա՝ պետք է պայքարել ոչ միայն զանգվածային միջոցառումների տեսքով, այլ նաև տրանսպորտից իջնելով և 100 դրամ վճարելով: «Ասում են, գիտեք՝ վարորդները վիրավորում են, ես էլ ասում եմ՝ ձեզ վիրավորած վարորդներին ասեք՝ թող գնան իրենց գծատերերին վիրավորեն, որ մարդկանց հաշվին իրենց պարանոցներն են հաստացնում: Ցավում եմ, որ վարորդները թրաֆիքինգի զոհ են դառնում»,- ասաց զրուցակիցս՝ հավելելով, որ գիտի շատ մարդկանց, որոնց համար օրական 100 կամ 200 դրամ ավելի վճարելը շատ լուրջ խնդիր է, որովհետև իրենք այդ գումարով մեկ հաց ավելի կգնեին: 

Նրա կարծիքով՝ գազի սակագնի թանկացումը չպետք է իր հետ բերեր համատարած թանկացումներ, մեկը մյուսի հետ համարժեք չեն, որովհետև մեր երկրում տարիներ շարունակ ամեն ինչի գինը թանկանում է, փոխարենը ոչ մի բանի գինը չի նվազում: 

Համընդհանուր սոցիալական դժգոհությունների ալիքը, ըստ Անի Քոչարի, հանգեցնելու է նրան, որ իսկապես մեր իշխանությունները որոշեն հաշվի նստել մեր ժողովրդի կարծիքի ու վիճակի հետ և ինչ-որ բան փոխեն, իսկ այն մտայնությունը, թե միևնույն է՝ ոչինչ չի փոխվի, շատ սխալ է: 

Նա նշեց, որ քաղաքապետարանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր ելույթներից մեկում մարդկանց խոստանում էր, որ ուղեվարձը չի թանկանա, սակայն խաբեց՝ այնպես, ինչպես մի քանի տարի խաբում են հաշմանդամներին, թե՝ ավտոբուսները հարմարեցված կլինեն նրանց համար, սակայն ամբողջ հանրապետությունում կա ընդամենը երկու տրոլեյբուս, որ հարմարեցված է հաշմանդամների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել