Դիանա Գալոյան. «Երբ կլինի մրցույթի հայտարարությունը, ես վայր կդնեմ ռեկտորի պաշտոնակատարի իմ լիազորությունները»:

Դիանա Գալոյանը հերթական անգամ չկատարեց իր խոստումը, երբ մրցույթի հայտարարությունը 2 շաբաթ առաջ՝ հունիսի 5-ին, «եղավ»:

Նախարարը հորդորել էր դա անել, որպեսզի իր խոսքով մրցույթի համար «հավասար պայմաններ» ապահովվեն: Իհարկե, բոլորին էր պարզ, որ մրցույթից մեկ ամիս առաջ ձևական հրաժարականի հորդորը բացահայտ հովանավորչությունը «ասեկոսե» անվանելու նախարարի պրիմիտիվ փորձն էր: Սակայն երբ մրցույթը հայտարարվեց, իսկ Դիանա Գալոյանը, իր բառացի խոստումը սովորականի պես դրժելով, հրաժարական չտվեց, արդեն կարող ենք փաստել, որ նույնիսկ նախարարի խոսքով հավասար պայմաններ ապահովված չեն: Եվ արդեն էական չէ, եթե այս հերթական աղմուկից խուսափելու համար վիճահարույց մրցույթից մի քանի օր առաջ հրաժարական բեմականացնեն, որովհետև փաստն այն է, որ մրցույթի հայտարարության ժամանակ, հրաժարական չի եղել, ինչպես խոստացել էին:

Իսկ ինչո՞ւ է Դիանա Գալոյանը այնուամենայնիվ անտեսում նախարարի հորդորը և սեփական խոստումը: Բանն այն է, որ նա այժմ շատ ծանր կացության մեջ է, հասկանում է, որ հայտարարված մրցույթը արդեն շատ թույլ դիրքերում գտնվող նախարարի և իր մտերիմ ընկեր փոխնախարարի ճարահատյալ քայլն էր ընդամենը պատասխանատվությունից խուսափելու նպատակով: Հասկանում է նաև, որ առանց հիմնադրամ դառնալու հայտարարված մրցույթը չափազանց խոցելի է թե՛ իրավական, թե՛ կազմակերպական առումներով: Մրցույթը կա՛մ ընդհանրապես չի կայանալու, կա՛մ արդյունքներն անվավեր են ճանաչվելու, իսկ այս պահին հրաժարական տալու դեպքում զրկվելու է երկարամյա երազանքից և կանգնի «կոտրած տաշտակի» առջև: Իսկ երազանքն այնքան մեծ է, որ, լինելով ընդամենը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՊՏՀ բարձրագույն մարմնի՝ կառավարման խորհրդի՝ մեկ տարի առաջ կայացված որոշումը խորհրդի անդամներից գաղտնի գրությամբ մեկ շաբաթ առաջ նախարարությանը խնդրել էր կասեցնել:

Իսկ մենք այդ գաղտնի գրությունը, իհարկե, արդեն բացահայտել ենք և շուտով կհրապարակենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել