Aysor.am-ը գրում է.
Մազը կազմված է ցողունից և մազարմատից. վերջինս տեղակայված է մաշկի հաստության մեջ գտնվող փոքրիկ փոսիկում և պարփակված է հատուկ պարկի մեջ: Մազերը կազմված են ծծմբով ու ազոտով հարուստ եղջերային սպիտակուցային նյութից` կերատինից: Աճման մի քանի փուլերից հետո հին մազերը թափվում են, և դրանց տեղն աճում են նորերը: Մարդու գլխին աճող երկար մազերն ապրում են 3–5 տարի: Մազապարկում կողք կողքի տեղադրված ճարպագեղձերի արտադրած նյութը մազերի համար ունի պաշտպանական նշանակություն: Մազերի գույնը պայմանավորված է նրանցում մելանին գունակի պարունակությամբ: Տարիքի հետ գունակի քանակությունը նվազում է, և խանգարվում է նրա բաշխումը: Լինում են նաև գունազուրկ մազեր, օրինակ՝ լսնամաշկության (ալբինիզմ) դեպքում:
Մարդն օրական կորցնում է միջին թվով 60 մազ. դա մեծ թիվ չէ, քանի որ գլխի վրա աճում է 100 հզ. մազ: Մազերի աճման ու նորերով փոխարինման գործառույթների խանգարումը կարող է հանգեցնել ճաղատության կամ հավելաճի (մազոտություն):
Ճարպոտ մազերն անհրաժեշտ է լվանալ ավելի հաճախակի, քան չոր և բնականոն մազերը: Լվանալու համար ամենալավը 40–45օC ջերմաստիճանի ջուրն է: Ավելի լավ է օգտագործել փափուկ (կալցիումի, մագնեզիումի, երկաթի աղերից զուրկ), եռացրած ջուր կամ բորաքսի (1 լ ջրին՝ 1 թեյի գդալ) թույլ լուծույթ:
Կարճ մազերը սանրում են արմատից դեպի ծայրերը, երկար մազերը՝ ծայրերից՝ սանրն աստիճանաբար վերև տեղաշարժելով: Ավելի լավ է օգտագործել բնական մազից պատրաստած խոզանակ, մազաթափության դեպքում՝ նոսր ատամներով սանր: