1in.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը չի հայհոյել լրագրողին, տեսանյութը մոնտաժված է: Այս մասին «Առաջին լրատվական»-ին Երևանի քաղաքապետարանի պարզաբանումը ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնի պետ Արթուր Գևորգյանը: 

Արթուր Գևորգյանի համոզմամբ՝ տեսանյութը եղել է մոնտաժված, Հենրիկ Նավասարդյանը որևէ հայհոյանք չի հնչեցրել, հակառակ դեպքում այն կլսվեր: 

«Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության համար բոլոր օրերն են աշխատանքային, որովհետև մոնիտորինգ է իրականացնում երթևեկի կազմակերպման աշխատանքների հետ կապված: Երեկ պարոն Նավասարդյանը Երևանի Կոմիտասի անվան Կոնսերվատորիայի հարակից հատվածում երթևեկի կազմակերպման աշխատանքների ուսումնասիրության շրջայցի ընթացքում հեռախոսով զրուցելով անցնելիս է եղել: Ակցիա իրականացնողները ռեպլիկներ են հնչեցրել, լրագրողը փորձել է խանգարել: Նա մի հարյուր մետր քայլել է, իր ետևից գնացել են, ռեպլիկներ են հնչեցրել, հեռախոսային խոսակցությունն ավարտել, անջատել է հեռախոսը, և այդ պահին լրագրողը փորձել է խանգարել զրույցը: Պարոն Նավասարդյանը չի հայհոյել, նա ընդամենը հեռախոսն անջատելուց հետո շրջվել է և ասել. «դե գնա, քո ներվերը չունեմ»: 

Մինչև այսօր պարոն Նավասարդյանը որևէ ձևով որևէ մեկին, այդ թվում նաև մեր գործընկերներին, չի վիրավորել, երբևէ չի խուսափել խոսել լրագրողների հետ՝ առանց որևէ բացառության»,- պարզաբանեց Արթուր Գևորգյանը՝ հորդորելով՝ եթե կա տեսանյութ, որտեղ լսվում է, թե ինչպես է հայհոյում Հենրիկ Նավասարդյանը, թող տրամադրեն: 

Հիշեցնենք, որ ilur.am լրատվական կայքը յութուբյան իր ալիքում տեղադրել էր տեսանյութ: Տեսանյութում լրագրողը դիմում է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին, ով ձեռքը բռունցք դարձրած՝ շարժվում է լրագրողի ուղղությամբ ու, շատերի մեկնաբանությամբ, այդ պահին հայհոյանք հնչեցնում նրա հասցեին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել