Shantnews.am-ը գրում է․
Միացյալ Նահանգների սննդի և դեղամիջոցների վերահսկման մարմինը հանել է հիդրօքսիքլորոքինը կորոնավիրուսով վարակված մարդկանց բուժման համար նախատեսված դեղերի ցանկից: Այս մասին հայտնել է NBC NEWS-ը:
Կառույցը նշել է, որ դեղամիջոցը չափազանց մեծ ռիսկեր է պարունակում՝ առանց ակնհայտ օգուտների: Չնայած այս հանգամանքին՝ Սպիտակ տան առաջնորդը շարունակում է խոսել դեղամիջոցի օգտակարության մասին:
«Կան շատ մարդիկ, որ նման բան են ասում: Բայց ես այն ընդունել եմ և շատ լավ եմ ինձ զգում: Չգիտեմ, արդյո՞ք այն ներգործություն է ունեցել, բայց ես վստահ կարող եմ ասել, ու այն ինձ չի վնասել: Ես ինձ լավ եմ զգում»,- ասել է նախագահ Թրամփը:
Ավելի վաղ, Դոնալդ Թրամփը խոստովանել էր, որ կորոնավիրուսային համավարակի ֆոնին ընդունում է մալարիայի բուժման համար նախատեսված այս դեղամիջոցը:
Քովիդ-19-ի տարածումից մինչ օրս աշխարհում գրանցված դեպքերի և մահվան թվով առաջին հորիզոնականում շարունակում է մնալ Միացյալ Նահանգները: Այստեղ գրանցվել է վարակի ավելի քան 2 միլիոն դեպք: Մահացել է շուրջ 118 հազար մարդ: Ապաքինվածների թիվը կազմում է 890 հազար: