Aysor.am-ը գրում է.

Երկու օրվա ընթացքում մոտ 50 տոկոսով նվազել է երթուղայիններում 150 դրամ վճարողների թիվը: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Չեմ վճարելու 150 դրամ» նախաձեռնության ակտիվիստ Արսեն Օհանյանը:

«Երեկ եմ խոսել մի քանի վարորդի հետ ու այս թվերը հենց իրենք են ինձ ներկայացրել: Ասեմ, որ վարորդների մոտ էլ գործադուլ սկսելու նախատրամադրվածություն կա: Վարորդն էլ է տուժում այս թանկացումներից, քանի որ առանց այդ էլ ապօրինի «օրահարկ» ասվածն այսօր բարձրացել է ու ուղևորների չվճարելու դեպքում վարորդն ուղղակի չի կարողնանում այն փակել»,- ասաց Արսեն Օհանյանն ընդգծելով, որ Օպերայի մոտ արդեն գործադուլ են սկսել 4 ավտոբուսների վարորդներ:

«Մարդկանց ակտիվությունը գնալով մեծանում է: Մեզ են միանում ոչ միայն երիտասարդներն, այլև՝ տարեց մարդիկ: Երեկ Մաշտոցի պուրակում հավաքի ժամանակ արդեն կար 200 մարդ և դա ոգևորող է: Ակտիվիստներն այնքան են շատացել, որ արդեն դեմքով չենք էլ հասցնում ճանաչել միմյանց»,- ասաց Արսեն Օհանյանն ու ևս մեկ անգամ հորդորեց քաղաքացիներին՝ 100 դրամ վճարե՛ք: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել