Ամերիկացի զինվորականներն այլևս չեն վերականգնի այլ երկրներ և «չեն լուծի օտար հակամարտությունները»: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Վերջինիս խոսքով՝ Վաշինգտոնը վերադառնում է հիմնարար սկզբունքներին, որոնց համաձայն՝ զինվորի խնդիրը ԱՄՆ-ն արտաքին թշնամիներից պաշտպանելն է:
«Մենք ավարտում ենք անվերջանալի պատերազմների ժամանակաշրջանը»,- ասել է ամերիկացի առաջնորդը՝ ելույթ ունենալով Նյու Յորք նահանգի Վեսթ Փոյնթ ռազմական ակադեմիայի շրջանավարտների առաջ:
Թրամփը հայտարարել է, որ «պարզ հայացքն Ամերիկայի համար կենսական կարևորության շահերի պաշտպանությանը վերադարձել է իր տեղը»: Նա հավելել է, որ ամերիկացի զինվորների առաջադրանքի մեջ չի մտնում «լուծել հեռավոր երկրներում առկա դարավոր հակամարտությունները, որոնց մասին շատերը նույնիսկ չեն էլ լսել»:
«Մենք այս աշխարհի ոստիկանները չենք: Սակայն մեր թշնամիները թող իմանան, որ եթե մեր ժողովրդին վտանգ սպառնա, մենք երբեք չենք տատանվի: Եվ երբ մենք սկսենք պայքարել, ապա միայն հաղթելու համար»,- եզարփակել է ԱՄՆ ղեկավարը:
Հատկանշական է, որ Թրամփն օրեր առաջ Կոնգրեսին տեղեկացրել էր, որ ամերիկյան զորքերը կշարունակեն մնալ այնպիսի երկրներում, որտեղ զորքերն ուղարկվել են դեռևս նախկին նախագահների կողմից: Այդ երկրների թվում են Աֆղանստանը, Իրաքը, Սիրիան, Հորդանանը, Թուրքիան, Լիբանանը, Եգիպտոսը, Ֆիլիպինները, Արաբական թերակղզին, Կոսովոն, Արևելյան Աֆրիկան:



