Galatv.am- գրում է.
Երեւանում հանրային տրանսպորտի ուղեվարձը 50 տոկոսով բարձրացնելու հետ կապված հանրային որոշակի դժգոհության ալիք է նկատվում, սակայն այն համընդհանուր դժգոհություն կամ ընդվզում անվանելը բավականին դժվար է: Միջին վիճակագրական երեւանցիները հանրային տրանսպորտից օգտվելու համար հիմնականում վճարում են բարձրացված սակագնով: Խնդիրն այն չէ, թե նրանք շատ գոհ են 50 տոկոսանոց բարձրացումից, խնդիրը հայ հասարակության սպեցիֆիկ վերաբերմունքն է սոցիալական խնդիրներին, որոնց շուրջ երբեւէ հնարավոր չի եղել հանրային լայն մոբիլիզացիա ապահովել: Հնարավոր է, որ դրա պատճառներից է նաեւ խնդիրների ոչ ճիշտ ձեւակերպումն ու թիրախավորումը:
Այս դեպքում եւս կարծես թե թիրախներն ու պայքարի ուղղությունը այդքան էլ ճիշտ չի ընտրված:
Բնական գազի սակագնի 18 տոկոս բարձրացման դեպքում առավել քան անտրամաբանական է, որ բնական գազով աշխատող տրանսպորտի ուղեվարձը թանկանում է 50 տոկոսով: Առանց խորը տնտեսագիտական եւ մաթեմատիկական հաշվարկներ կատարելու, շատ հստակ երեւում է, որ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը անհիմն է հավանություն տվել Երեւանի քաղաքապետարանի կողմից ներկայացված Երեւան քաղաքում հանրային տրանսպորտի ուղեվարձը բարձրացնելու առաջարկին: Իսկ եթե հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ մայրաքաղաքում ավտոբուսները հիմնականում աշխատում են դիզվառելիքով, ապա դրանց ուղեվարձի բարձարցումը պարզապես հիմարության կամ կազմակերպված թալանի է նմանվում: Ինչպես հայտնի է՝ դիզվառելիքի գինը Հայաստանում չի թանկացել:
Հետեւաբար ի՞նչ դրդապատճառներ կարող էր ունենալ ՀՀ կառավարությունը, որ հավանություն տար ուղեվարձի այսպիսի աբսուրդ բարձրացմանը: Պետք չէ մոռանալ նաեւ, որ Կառավարության հանրային հնչեղություն ունեցող որոշումները կայացվում են անմիջականորեն նախագահական ապարատի միջամտությամբ: Իսկ պատճառը կարող է լինել միայն փող, շատ փող աշխատելը: Կարեւոր է, որ այդ փողը հնարավոր լինի աշխատել հնարավորինս ոչ թափանցիկ ու զարտուղի ճանապարհներով: Իսկ հանրային տրանսպորտի ներկայիս համակարգը իշխանություններին տալիս է իդեալական հնարավորություն հանրության աչքից հեռու շատ մեծ գումարներ աշխատելու: Գազի սակագնի թանկացումից հետո նրանք հիանալի հասկանում էին, որ ուղեվարձի 50 տոկոսանոց բարձրացումը կարող է հանրային լուրջ դժգոհության տեղիք տալ, սակայն մյուս կողմից իշխանությունը շատ նուրբ պատճառներից ելնելով՝ չէր կարող ուղեվարձը բարձրացնել 20 տոկոսով՝ համապատասխանաբար 20 դրամով:
Պատճառը շատ պարզ է՝ 120 դրամ սակագնի պայմաններում երթուղայինների եւ ավտոբուսների վարորդների համար տեխնիկական հսկայական խնդիրներ են առաջանում (վարորդություն անելու հետ միաժամանակ «բարդ» ու ժամանակ խլող մաթեմատիկական հաշվարկներ կատարել՝ անհրաժեշտության դեպքում ուղեւորներին մանրը վերադարձնելու համար): Այս խնդրի լուծումը միակն է եւ հեծանիվ հորինելու կարիք ամենեւին էլ չկա, պարզապես պետք է ընդօրինակել զարգացած երկրների փորձը: Այսինքն՝ հանրային տրանսպորտի վարորդը որեւէ կերպ չի առընչվում կանխիկ փողի հետ, վարելու ընթացքում չի խորասուզվում մանրը վերադարձնելու հաշվարկների կամ գումարի հետ կապված այլ մանրամասների մեջ, նա պարզապես աշխատում է որպես վարորդ: Իսկ հանրային տրանսպորտի տոմսերը քաղաքացիները ձեռք են բերում կրպակներից եւ ամենուրեք հասանելի վաճառակետերից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ