Ուշադրություն, խոսում է առողջ ու սթափ մտածող ՀՀ քաղաքացի Արման Գևորգյանը:

Սիրելի վարչապետ, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակ է արդեն մոտ 4 ամիս:

Բոլորիդ կոչ եմ անում կրել պատասխանատվություն և դա ձեր վրայից հանել միայն երկրի կառավարման ղեկը վայր դնելուց կամ մեկ ուրիշին հանձնելուց հետո: Պատասխանատվությունը պետք է կրել այնպես, որ այն չփակի ձեր ընտրողների քիթը եւ բերանը՝ թույլ չտալով հազարավոր քաղաքացիների ամիսներով մնալ անաշխատանք և քաղցած: Պարբերաբար լսեք ձեր քաղաքացիների ձայնը և մի արհամարեք նրանց խնդիրները:

Քաղաքացիների ձայնը լսելիս պահպանեք մեկուկես մետր սոցիալական հեռավորություն և բացառեք առանց խնդիրներին որոշակի լուծում տալու հեռանալ ձեր ընտանիքի անդամ չհանդիսացող անձանցից, որոնք իրենց ձայնն էին տալիս և դեռ պատրաստվում էին «ԱՅՈ» ասել՝ հանուն նոր Հայաստանի:

ՀՀ քաղաքացին վաղուց հասկացել է, որ վիրուսն առկա է՝ իր բոլոր անկանխատեսելի զարգացումներով հանդերձ: ՀՀ քաղաքացին հավատում է, որ վիրուսն իրական է, բայց ՀՀ քաղաքացուն արդեն չի կարելի մեղադրել այն հարցում, որ նա ապրել և ընտանիք պահել է ուզում: Եվ հիմա արդեն ՀՀ քաղաքացին է իր վարքով ասում՝ կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, ապրել եմ ուզում: Սիրելի կառավարություն, կրեք պատասխանատվություն և դրանով կփրկեք հարյուրավոր կյանքեր:

Նախարարներին անհրաժեշտ է փոխել երեք-չորս ամիսը մեկ, եթե նրանք ի վիճակի չեն ամբողջ լրջությամբ ու լիարժեք կրելու իրենց ստանձնած պատասխանատվությունն առ ՀՀ քաղաքացի: Կարող եք օգտագործել ոչ միայն նոր արտադրած, երիտասարդ, այլեւ կյանքի կողմից պատրաստած, թրծված, փորձառու կադրերի:

Սիրելի վարչապետ,

Շատ քաջ գիտակցում եմ նաև, որ այս տեքստը չի հասկանալու աշխատանքով կամ այլ եկամուտներով ապահովված ՀՀ քաղաքացին:

Շնորհակալություն եմ հայտնում մեր այն իշխանության ներկայացուցիչներին, ովքեր պահպանում են համաճարակային պատասխանատվության կանոնները կամ եթե նույնիսկ նախկինում չեն պահպանել, այս կոչին անսալով՝ կսկսեն պահպանել դրանք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել