Ինչո՞վ է զբաղված Փաշինյանն այս ժամերին ԱԺ-ում: Նա եկել է խնդրելու, որ ԱԺ-ն հավանություն տա արտակարգ ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգելու մասին կառավարության որոշմանը: Ըստ էության, Փաշինյանը խնդրում է երկարաձգել իր իշխանության ժամանակը: Երկարաձգել այդ ժամանակը նշանակում է երկարաձգել այն մղձավանջը, որի մեջ գտնվում ենք բոլորս՝ անկախ այն հանգամանքից՝ քայլե՞լ ենք Փաշինյանի հետ, թե՞ ոչ, նպաստե՞լ ենք Հայաստանը ծաղրուծանակի ենթարկելու նրա քաղաքականությանը, թե՞ ոչ: Արտակարգ ռեժիմի երկարաձգումով, փաստորեն, հետաձգվում են նաև ԱԺ-ի կողմից նրան անվստահություն հայտնելու օրինագծի պատրաստումն ու քննարկումը: ՀՀ սահմանադրությամբ արտակարգ ռեժիմի պայմաններում ԱԺ-ն վարչապետի հրաժարականի հարց քննարկելու իրավունք չունի, ինչից էլ փորձում է օգտվել «ժողվարչապետը»:

Այսօր մենք նաև համոզվեցինք, որ արտակարգ ռեժիմը հրաշալի գործիք է կառավարության ձեռքին՝ խաղաղ հավաքներ և ցույցեր կազմակերպելու քաղաքացիների իրավունքը բռնաբարելու համար: Մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում, որ եթե մի հրաշքով 10 քաղաքացի փողոց դուրս գան ի պաշտպանություն վարչապետի, նման միջոցառումը միանգամայն այլ գնահատականի կարժանանա, և այդ մարդիկ ոստիկանական բաժանմունքներ չեն տարվի: Մինչդեռ այսօր փաշինյանական ոստիկանությունը բաժանմունքներ բերման ենթարկեց իրավաբանների, իրավապաշտպանների և փաստաբանների, որոնք փորձում էին հանրությանն իրազեկել տեղի ունեցող խաբեբայության մասին, ինչպես նաև ԱԺ պատգամավորներին հորդորել հավանություն չտալ և մերժել արտակարգ դրությունը երկարաձգելու կառավարության ինքնանպատակ որոշումը:

Փաշինյանի մանիպուլյացիաներին կարելի է վերջ տալ միայն մեկ եղանակով՝ նրա հետ բանակցել ոչ թե հեռացման ժամկետների, այլ այսրոպեական հրաժարականի պայմանների մասին:

Առողջություն ամենեցուն:

Էդիկ Անդրեասյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել