Politik.am-ը գրում է․
Իշխանական «Իմ քայլի» պատգամավոր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանը շաբաթներ առաջ ֆեյսբուքյան իր էջում մի շարք աղմկահարույց հարցադրումներ էր արել Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին՝ նրա հրաժարականի պատճառների հետ կապված։
«Կարո՞ղ է մի օր պարզվել, որ Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռացվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու պատճառով: Կարո՞ղ է պարզվել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստերի ճնշման ներքո նրան ստիպել է խոստովանել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու փաստը», - գրել էր Հրաչյա Հակոբյանը, ընդգծելով, թե համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ օտարերկրյա գործակալներին բռնում և դատում են, երբ ուզում են հավաքագրող երկրի հետ հարաբերություն փչացնել: Իսկ եթե ոչ, գործակալին չեզոքացնում են, որ նա ուղղակի չկարողանա գործել:
Հայաստանում գործակալներին բացահայտում է Ազգային Անվտանգության ծառայությունը, ուստի մենք գրավոր հարցում էինք ուղարկել ԱԱԾ՝ պարզելու համար, թե ի՞նչ տեղեկություններ ունեն Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին և որքանո՞վ են իրական Հրաչյա Հակոբյանի ակնարկները։
ԱԱԾ-ից մեր հարցմանն ի պատասխան ասել են, որ իրենք Արթուր Վանեցյանի հրաժարականի պատճառների մասին տեղեկություններ չունեն։
Ըստ էության ԱԱԾ-ն իր պաշտոնական պատասխանում հերքում է Հրաչյա Հակոբյանին, քանի որ չէր կարող Արթուր Վանեցյանի գործակալ լինելու մասին տեղեկություն լիներ, որին չտիրապետեր ԱԱԾ-ն։
Կարող ենք փաստել, որ Հրաչյա Հակոբյանը ստել է և հնչեցրած հարցի նպատակը եղել է հանրությանը մոլորեցնել ու թիրախավորել Արթուր Վանեցյանին։