Տրանսպորտի ուղեվարձի թանկացման հետ կապված Երևանի քաղաքապետարանի արձագանքը տխուր վիճակագրություն է արձանագրում: Հասարակության հետ կոմպրոմիսի և լայն ճակատով քննարկումների գնալու փոխարեն քաղաքային իշխանությունները նախընտրում են կանգառների մոտ ուղարկել իրենց ծանր հրետանին` կիսագրագետ, շողոքորթ ժպիտով, ամբողջ կյանքում միայն ռոճիկի հարց լուծած պաշտոնյաների, որոնք քաղաքացիական անհնազանդության դրսևորման ցանկացած երևույթ ընկալում են կերակրամանի պարունակության փոփոխության տեսակետից և բացի հայհոյանքն ու գռմռոցը` որևէ հոդաբաշխ հակափաստարկ ակցիայի մասնակիցներին չեն կարողանում ներկայացնել: Ոլորտի իրական պատասխանատուները որևէ կերպ չեն արձագանքում հնչող պահանջներին, որովհետև իրենց հաշվարկի մեջ եղել է կես ժամանոց մի քանի բողոքի դրսևորումներ, այժմ, երբ դժգոհությունների ալիքը ձնագնդի պես տարածվում է և դուրս է եկել ֆեյսբուքյան վերահսկողությունից, այդ մարդիկ աչքերն են զարմացած ճպճպացնում, որովհետև հասարակության բողոքի ձայնը սկսել է խլացնել իրենց ստամոքսի գռմռոցը: Անգամ ինքնապաշտպանական բնազդը նրանց չի ստիպում գնալ զիջումների:
Ինչ վերաբերվում է չինովնիկների պահվածքին, ապա նրանց համար պախանների հրամանից դուրս մտածելը անհաղթահարելի խոչընդոտ է: Իսկ դա արդեն, ինչպես ասում են, բժշկական փաստ է...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել