Armtimes.com-ը գրում է․

Հայաստանում գրանցվել է կավասակիի սինդրոմի եւս մեկ դեպք։ 9 տարեկան երեխայի մոտ հաստատվել է նաեւ կորոնավիրուսային հիվանդություն։ Վիճակը, ի սկզբանե, եղել է ծանր, սակայն այս պահին կլինիկական բարելավում է նկատվում։

Մեզ հետ զրույցում տեղեկատվությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։

Նրա խոսքով՝ երեխան ստացել է բուժման համար անհրաժեշտ դեղամիջոցը, ինչով պայմանավորված վիճակը կայունացել է։

Նշենք, որ կավասակիի սինդրոմը մաշկալորձաթաղանթային ավշային համախտանիշ է։ Հիվանդության պատճառագիտությունն ամբողջությամբ հայտնի չէ, սակայն այն հիմնականում կապվում է վարակիչ հիվանդությունների դեպքում դրդվող աուտոիմունային պատասխանի հետ: Կլինիկական պատկերում հատկանշական է երկարատեւ բարձր ջերմությունը, ձեռքերի ու թաթերի կարծր այտուցը, մատների ծայրերի թեփոտումը, բազմաձեւ ցանը եւ այլն։

Մեզ մոտ օրեր առաջ այս սինդրոմի եւս մեկ դեպք էր արձանագրվել 4 տարեկան երեխայի մոտ։ Նախարարի մամուլի քարտուղարի տեղեկացմամբ՝ նա արդեն դուրս է գրվել, սակայն գտնվելու է բժիշկների հսկողության տակ, եւ նրա հետ կապը պահվելու է։

Հավելենք, որ վերջին շրջանում տարբեր երկրներում նկատվել էր Կավասակիի սինդրոմով երեխաների հիվանդացության աճ, որը որոշ հետազոտողներ կապում էին կորոնավիրուսային հիվանդության համաճարակի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել