Փոխադարձ անվստահությունն ու առաջինը դիմացինին խաբելու սկզբունքի հաղթարշավը Հայաստանում դարձել է հանրային կապերի քայքայման, պետություն-քաղաքացի փոխադարձ պարտավորությունների անտեսման, կառավարման ողջ համակարգի համընդգրկուն ճգնաժամի առանցքը: Մեր հանրույթի այսօրինակ պահվածքը, վստահության այլևս անհաղթահարելի թվացող դեֆիցիտը, բացառում են որևէ կառուցողական գործողություն, որի հիմքում կլիներ պետության և քաղաքացու կամավոր և գիտակցված համագործակցությունը: Այսօր փոխվստահության վրա հիմնված քաղաքացիների կամավոր համախմբումը խարսխված է ընդդիմանալու և իշխանությանը ոչնչացնելու սկզբունքի վրա, քանի որ իշխանության՝ սեփական նախաձեռնությամբ որակապես փոփոխության ենթարկվելու նվազագույն ցանկությունն անգամ գործնականում չի նշմարվում: Գնալով արագանում է առարկայական քայլերի համար իշխանության տրամադրության տակ մնացած ժամանակի հետադարձ հաշվարկը՝ առաջիկա երկու-երեք ամիսների ընթացքում Սերժ Սարգսյանը պետք է կամ կարողանա համակարգային արմատական փոփոխություններ նախաձեռնել, կամ հրաժարականի որոշում կայացնի: Երկրորդ դեպքում պարտադիր է իշխանության անցնցում փոխանցման ծրագիր մշակել, որն իրագործելի կլինի 6-8 ամիսների ընթացքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել