Civilnet.am-ը գրում է․

Պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը չի գնացել ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի առանձնատուն, որտեղ անցկացվում էր վերջինիս որդու հարսանիքը՝ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների։ ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Ավինյանի խոսնակ Վահան Հունանյանը։

«Հարցը կուսումնասիրվի, և եթե արտակարգ դրության ռեժիմի որևէ խախտում արձանագրվի, ապա խախտողները պատասխանատվություն կկրեն»,- նշեց Հունանյանը։

Factor.am-ը երեկ հայտնեց, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որդու հարսանիքի հետ կապված տեսանյութի հրապարակումից հետո ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ոստիկանների ուղեկցությամբ գնացել է Դավթյանի՝ Բագրևանդում գտնվող առանձնատուն, որտեղ անցկացվում էր հարսանիքը։

Ինքը՝ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, հունիսի 8-ի առավոտյան պարզաբանում տարածեց լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվության վերաբերկալ՝ կապված իր որդու հարսանյաց արարողության հետ։

«Օրենքի առաջ բոլորն են հավասար, և եթե ես որևէ խախտում եմ արել, կկրեմ դրանից բխող պատասխանատվությունը: Իհարկե, ըստ իս, խախտում չի եղել, բայց թող դա պարզեն համապատասխան մարմինները:

Պարզապես ուզում եմ հիշեցնել՝ բոլորն ունեն անձնական կյանքի իրավունք: Հորդորում եմ որոշ մարդկանց, լրատվամիջոցների չմտնել իմ և իմ ընտանիքի անձնական տարածք և փորձ չանել ինձ ներառել քաղաքական խաղերի մեջ»,- հայտարարեց Արտակ Դավթյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել