168.am-ը գրում է․

Վերջին օրերին ականատես եղանք դպրոցական հաճելի միջոցառումների ոչ այնքան հաճելի հետևանքների. Սուրենավանի դպրոցի Հայոց պատմության և Հայոց եկեղեցու պատմության ուսուցչին հեռացրին աշխատանքից, տնօրենին խիստ նկատողություն տվեցին, Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան 114 դպրոցի տնօրենին էլ ազատման դիմում գրելու առաջարկ են արել: Հանրայնացվեցին այս երկու դեպքերը, այն էլ՝ որովհետև հայտնվեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեսյբուքյան պատին, բայց քանի՞ նման դեպքի մասին է տեղյակ մեզանից յուրաքանչյուրը: Ի՞նչն էր պատճառը, որ անկախ զգուշացումներից, այս միջոցառումներն ամեն դեպքում տեղի ունեցան, և արդյո՞ք միակ մեղավորն ուսուցիչներն ու տնօրեններն են: 168.am-ի հետ զրույցում կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն ասաց, որ Կառավարությունն իր քայլերը մշակելիս՝ պետք է հաշվի առներ ավարտական միջոցառումների այն մշակույթը, որը մեզանում արմատացած է:

«Իհարկե, մեր մշակույթի մեջ կա այդ հանգամանքը՝ նշել վերջին զանգը, ատեստատներ ստանալու գործընթացը, քանի որ մարդկանց մեջ նստած է իներցիոն մտածողությունը, ամեն դեպքում, նախորդ տարիների իներցիայով գնացին խախտումների: Մենք պարտավոր ենք իմանալ մեր ժողովրդի մշակույթը, պարտավոր ենք իմանալ, որ Հայաստանում կան ծնողներ, որոնք  կարող են մտածել, որ՝ իմ միակ մինուճար երեխու վերջին զանգն է, ո՞նց իր ատեստատի ստացման պրոցեսը չանմահացնեմ, ո՞նց տնօրենի համար սեղան չգցեմ: Մարդիկ այս տրամաբանությամբ են  մտածում, որ սա կյանքում մեկ անգամ է լինում, ինչպե՞ս կլինի, որ մի փոքր ձևով գոնե չնշենք, ավանդույթներ կան, այսպես ասած, որոնք, իհարկե, չէի ցանկանա շատ ընդհանրացնել, որովհետև ոչ բոլոր դեպքերում է այսպես եղել, բայց իներցիոն մտածողությունն իրենն արեց»,- ասաց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ պետք էր ոչ թե թույլ տալ, որ դեպքերը տեղի ունենան, հետո դրանց հետքերով գնալ և նկատողություններ տալ, այլ պետք էր դրանք կանխարգելել: Ըստ փորձագետի՝ դրա տարբերակները կային և քիչ չէին:

«Լուծումներից մեկը կարող էր լինել այն, որ միգուցե այս պահին ամենևին էլ հրատապ չէ 9-րդ դասարանցիների վկայականների հանձնումը, ի՞նչ պարտադիր էր այս պահին՝ հունիսի առաջին օրերին, երբ համաճարակի պիկ է երկրում, 9-րդ դասարանի վկայական հանձնելը, մենք ե՞րբ ենք հունիսի առաջին օրերին 9-րդ դասարանի վկայական տվել, միշտ տվել ենք հունիսի 28-ից հետո, գուցե այդ ժամանակ կայունանար վիճակը: 9-րդ դասարանցիների մեծ մասը մնում են նույն դպրոցում, կամ սեպտեմբերին են գնալու ավագ դպրոց,  հիմնականում դա պետք էր միայն քոլեջներ գնացողներին, որոնց դեպքում էլ նախարարությունը կարող էր էլեկտրոնային ձևով թվանշանների փոխանցում իրականացնել՝ դպրոցներից վերցնելով՝ փոխանցել քոլեջին, բուհին, այդ ձևով փորձեին կանխարգելել ուսուցիչ, տնօրեն, աշակերտ հանդիպումը: Նույնը դասագրքերի պարագայում է, դրանք կարելի էր հավաքել օգոստոսին, գուցե այդ ժամանակ ավելի լավ լիներ իրավիճակը:

Կարելի էր ուղեցույցներ տալ, թե ինչպես դա անել, գիտեք, որ մեր համակարգը սովոր է, որ  ամեն ինչի մասին գրավոր, մանրամասն հրահանգ տրվի, երբ պարզապես ասում եք, որ դուք եք պատասխանատուն, այդ դեպքում լինում են այս տեսակի շեղումներ: Ամեն քայլը պետք է պլանավորել, դպրոցներ են եղել, որոնք դահլիճներում, դասարաններում են ատեստատ հանձնել, կարելի էր  ուղեցույց տալ, ասել՝ ատեստատների հանձնումը  կազմակերպեք պարտադիր դրսում, ժամային գրաֆիկ սահմանել, գծանշումներ անել: Բայց լավագույն տարբերակներից մեկն էլեկտրոնայնացումն էր: Միայն այն մարդիկ, ովքեր գնում են այս պահին այլ երկիր, միայն իրենց կարող է փաստաթուղթ պետք գալ, մնացածին միայն այդ թվանշաններն են պետք էլեկտրոնային, որ կարողանան դիմել բուհեր ու քոլեջներ, որը կարելի էր ապահովել»,- ասաց փորձագետը:

Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ ուսուցիչներն ամենաանպաշտպանն են. նրանց վրա ազդեցություն է ունենում թե՛ պետությունը, թե՛ համայնքը, որտեղ ապրում են: Մեր հարցին, թե արդյո՞ք արդարացի էր, որ, օրինակ՝ Սուրենավանի դպրոցի ուսուցչին հեռացրին, հնարավո՞ր էր ավելի մեղմ մեթոդներ կիրառել, փորձագետը պատասխանեց.

«Ես կարծում եմ, որ հնարավոր էր: Ստացվում է, որ երկրի ամենաթույլ օղակը ստացավ հարվածը, մենք  բազմաթիվ այլ դեպքեր ունեցանք հակահամաճարակային կանոնների խախտման՝ սկսած ԱԺ-ի ծեծկռտուքից, հիշենք, որ դիմակներն էլ բավականին ուշ եկան,  բազմաթիվ ժողովներ էինք տեսնում, որտեղ իրար մոտիկ-մոտիկ նստած էին, հետևաբար՝ անարդար ստացվեց, որ ամեն ինչ կոտրվեց ուսուցչի գլխին, և եթե բազմաթիվ այլ մարդիկ անպատիժ էին մնացել, կամ ներողություն խնդրելով պրծել էին, ինչո՞ւ ուսուցչի պարագայում ամենածայրահեղ քայլն է կատարվում: Մեզ մի պահ պատկերացնենք այդ ուսուցչի տեղում, մարդը գյուղում է ապրում և 20 տարի ուսուցիչ է աշխատում, իսկ դուք մի հարվածով հանում եք իրեն, ի՞նչ է լինելու այս մարդու հետ, ի՞նչ է աշխատելու ինքը, կամ գյուղական դպրոցների համար  հեշտ չէ նոր ուսուցիչ գտնել, որովհետև բազմաթիվ գյուղերում ամիսներով մրցույթ է արվում, ու դիմող չկա: Սա ամենածայրահեղ քայլն էր, և ինչո՞ւ հենց ուսուցչին, հին ավանդույթ է, որ սլաքավարին պետք է պատժենք, եթե համակարգում այսպիսի դեպքեր են տեղի ունեցել, ինչո՞ւ չի կարելի ավելի  բարձր մակարդակի պատիժներ կիրառել: Եթե խստություն ենք անում, ապա ինչո՞ւ ենք ամենաանպաշտպան մարդկանց պատժում»,- ասաց նա:

Խաչատրյանի կարծիքով՝ ուսուցիչներին պետք է պաշտպանել նաև համայնքի ճնշումներից:

«Մեզ պատկերացնենք ուսուցչի ու տնօրենի փոխարեն, որոնց համայնքը նաև ճնշում է: Նույն այդ գյուղի դեպքը, հնարավոր է, որ ծնողների ճնշման  արդյունքում է եղել, ասել են՝ մեր երեխեքը կարոտել են իրար, Ձեզ, բա մի հատ չտեսնե՞ն, մեկ է՝ մեզ մոտ չկա վիրուս, և այլն: Շատ լավ իմանալով համակարգը ներսից՝ ես կարող եմ ասել, որ շատ հաճախ ծնողներն են հոգեբանական ճնշում գործադրում, դրա համար պետք է պաշտպանենք ուսուցիչներին ու տնօրեններին, մենք այսօր չունենք այդ իրավիճակը, որ իրենք կարողանան միայնակ ծնողների դեմ դուրս գալ: Թեժ գծերը հիշենք, մեկը մի բան խոսում է, անմիջապես թեժ գծով հայտնում են: Ուսուցիչների ու տնօրենների մոտ էլ զգուշավորություն է առաջանում, ինչի արդյունքում պաշտպանության կարիք են զգում»,- ասաց Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է տրված նկատողություններին, ապա փորձագետը դրանք անիմաստ է համարում:

«Նկատողությունների մեջ ոչ մի բան չեմ տեսնում, դա դեպքերի հետևից վազելու անօգուտ մեխանիզմ է, որը մարդկանց գուցե ավելի է չարացնում՝ րևէ օգուտ չտալով, անվստահությունն է խորացնում գոյություն ունեցող»,- ասաց կրթության փորձագետը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել