Shantnews.am-ը գրում է․

Միացյալ Նահանգներում ոստիկանների բիրտ գործողություններից սպանված Ջորջ Ֆլոյդի ընտանիքին օգնելու համար գումար է փոխանցել 500 հազար մարդ՝ ամբողջ աշխարհից։ Սա ռեկորդային թիվ է GoFundMe հարթակի համար, որտեղ կազմակերպվել է դրամահավաքը։

ТMZ կայքի հաղորդմամբ՝ 125 երկրներից ուղարկված հանգանակությունները միասին կազմել են 13 միլիոն դոլար։

Հիշեցնենք, որ աֆրոամերիկյան ծագումով Ջորջ Ֆլոյդը մահացել էր ոստիկանների գործողությունների հետևանքով։ Ոստիկաններից մեկը ձերբակալության ժամանակ մի քանի րոպե շարունակ ծնկով գետնին է սեղմել Ֆլոյդի կոկորդը՝ չլսելով նրա աղերսանքը, որ չի կարողանում շնչել։ 46-ամյա Ֆլոյդը մահացել էր հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։

Դրանից հետո ԱՄՆ բազմաթիվ քաղաքներում հուժկու ցույցեր են սկսվել, որոնց պահանջն է դադարեցնել ռասայական հողի վրա մարդկանց հետ այդպես վարվելը։ Ցույցերի ժամանակ բախումներ են եղել ոստիկանների հետ, կան նաև մահվան դեպքեր։

Նույնպիսի ցույցեր եղել են նաև այլ երկրներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել