Ներկայիս խորհրդարանը՝ 7-րդ գումարման Ազգային Ժողովը, ակնհայտորեն սպառվել է։ Այս պնդումը ճշմարտություն են համարում օր-օրի ավելի ու ավելի շատ մարդիկ։

Թե ինչպես է պետք ապահովել այդ քաղաքական փաստի իրավաբանական ձևակերպումը՝ քաղաքական ուժերի խնդիրն է։ Դե իսկ ես էլ, որպես իրավաբան, հիմիկվանից ցանկանում եմ օգտակար լինել հաջորդ՝ 8-րդ գումարման Ազգային ժողովին և կազմել եմ 7-րդի խայտառակ ժառանգությունը արագ ու որակով հաղթահարելուն ուղղված մի օրինագիծ։

Վերցրե՛ք և օգտագործե՛ք։

«ՆԱԽԱԳԻԾ
«Հայաստանի Հանրապետության յոթերորդ գումարման Ազգային ժողովի ընդունած ախմախ օրենքները և ամբախ-զամբախ նշանակումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք

Հոդված 1․ Հիմնական հասկացություններ
1․ Հայաստանի Հանրապետության յոթերորդ գումարման Ազգային ժողովի ընդունած օրենքը համարվում է «ախմախ օրենք», եթե՝
1) օրենքի նախագծի հիմնավորման մեջ առնվազն մեկ անգամ օգտագործում է «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխություն», «Հայաստանի պատմության մեջ ամենալեգիտիմ իշխանություն» և համանման այլ ախմախ արտահայտություններ՝ ցանկացած հոլովաձևով․
2) օրենքի նախագիծը ներկայացրել է կամ որպես հիմնական զեկուցող է հանդես եկել պատգամավոր Վահագն Հովակիմյանը․
3) օրենքի նախագիծն ընդունվել է երկրորդ տիեզերական արագությամբ՝ առանց նորմալ քննարկման․
4) օրենքի նախագծին կողմ է արտահայտվել Հայաստանի Հանրապետության հանրային խորհրդի նախագահը։
2․ Հայաստանի Հանրապետության յոթերորդ գումարման Ազգային ժողովի կատարած՝ պաշտոնատար անձի նշանակումը համարվում է «ամբախ-զամբախ նշանակում», եթե՝
1) թեկնածուն իր ելույթում երկու կամ ավելի անգամ օգտագործել է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված արտահայտությունները․
2) նշանակված պաշտոնատար անձը Ազգային ժողովի առջև տվել է բոլորովին այլ պաշտոնատար անձի երդում․
3) այն հրապարակավ ողջունել է Հայաստանի Հանրապետության հանրային խորհրդի նախագահը։

Հոդված 2․ Ախմախ օրենքները եւ ամբախ-զամբախ նշանակումներն ուժը կորցրած ճանաչելը
1․ Ախմախ օրենքները եւ ամբախ-զամբախ նշանակումները ճանաչվում են ուժը կորցրած՝ բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասում նախատեսված դեպքի։
2․ Ախմախ օրենքների ուժը լավ էլ պահպանվում է դրանք ընդունած ու ստորագրած անձանց նկատմամբ։

Հոդված 3․ Դատական պաշտպանությունը
1․ Այն անձինք, ում պաշտոնավարումը դադարել է սույն օրենքի ուժով, իրավունք ունեն դիմել վարչական դատարան։

Հոդված 4․ Ուժի մեջ մտնելը
1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում որքան շուտ, այնքան՝ լավ։»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել