Ցավոք, քաղավիացիայի տապալումը, ինչի մասին համառորեն լուրեր էին պտտվում, և ինչի մասին մեկ ամիս առաջ բարձրաձայնել էի, հաստատվեց: Եվրահանձնաժողովն այսօր պաշտոնապես հայտարարեց, որ, անվտանգության նկատառումներից ելնելով, Հայաստանում գրանցված ավիանկերություններին կարգելվի թռչել եվրոպական օդային տարածքով:
Սա աննկարագրելի ցավալի է, երկրի հեղինակության համար աղետալի ու անարժանապատիվ:
Այնուամենայնիվ, առողջ, մտածված և հավասարակշռված քաղաքականության արդյունքում ժամանակի ընթացքում կարելի է վիճակը շտկել և դուրս գալ ամոթալի երկրների սև ու անպատվաբեր ցուցակից:
Բայց ինչպե՞ս և ի՞նչ ուժերով դուրս գալ այս իրավիճակից, քաղաքական ի՞նչ թիմով:
Այն թիմո՞վ, որ տառապում է ամբարտավան մեծամտությամբ և ընդամենը մեկ ամիս առաջ անամոթաբար աջ ու ձախ հերքո՞ւմ էր փաստերը՝ շատ լավ իմանալով ավիացիայի ողբերգական կացության մասին, ցինիկ երեսպաշտությամբ մեղադրում էր քննադատողներին, անգամ դավաճանության մեջ մեղադրում:
Այս վարքագծով դուք վերաբերում եք ցանկացած հարցի. սա է ցավալին։ Այս ողբերգական տապալումը ձեր կառավարման մանրակերտն է...
Իսկ պարտություններն ու ձախողումները մեր իրականության բոլոր հատվածներում են: Գուցե անփորձ լինելը արդարացում ունի, բայց երեսպաշտ ստերով ու մանիպուլյատիվ վարքագծով երկիր չեն կառավարում: Դուք սպառել եք անցյայի ուրվականից հասարակությանն ահաբեկելու անհեռանկար վարքը: Դուք ներկայի, այս ցավալի ներկայի միակ պատասխանատուն եք: Դուք մսխելով մսխում եք ժողովրդի անունից խոսելու իրավունքը:
Իսկ այս կոնկրետ ձախողումը կոնկրետ մեղավորներ ունի, ինչին պետք է գնահատական տալ ու պատասխանատվության ենթարկել։