Գնա խաղաղությամբ
Մթության մեջ ես, Նիկո՛լ: Ինքդ ես քեզ դրել միջնադարյան էս տեսակ խավարի մեջ, որովհետև հիմա արդեն իրականությունից փախչելը քեզ փրկություն է թվում: Դա հասկանում են քո կողք ու բոլորը հավաքված մարդկանցից շատերը: Հասկանում են, բայց քեզ «կերակրում» են կեղծիքով, «կերակրում» են իրականության գլխիվայր շուռ տված պատկերով: «Կերակրում» են, որովհետև հասկացել են, որ դու արդեն միայն այդ կերպ ես հագենում:
Գիտեմ՝ գալիս քեզ ինչ-ինչ սոցիոլոգիական հարցումների տվյալներ են ներկայացնում, թե դու դեռ ունես ժողովրդի 45-47 տոկոսի վստահությունը: Նրանք մեղավոր չեն: Շատ բան իրենք էլ չեն հասկանում: Նրանք քեզ չեն ներկայացնում, թե այդ նույն սոցհարցումների ժամանակ հարցվածների քանի տոկոսն է խուսափում կարծիք հայտնել, հրաժարվում ընդհանրապես պատասխանել հարցերի: Ասեմ քեզ` ամեն 3-ից 2-ը: Նման բան չի եղել երբեք։ Երբեք։ Ի՞նչ ես կարծում, ինչու՞ պիտի մարդիկ, որոնք քեզ վստահում են, չարտահայտեն` թաքցնեն իրենց կարծիքը: Չկա չէ՞ պատճառ։ Ճիշտ է` չկա: Դե գուշակիր, թե ինչումն է խնդիրը։
Իսկ իրականում, Նիկո՛լ, այսօր դու ունես մեր ժողովրդի ընդամենը 10-11 տոկոսի վստահությունը: Միայն այդքան մարդ է այսօր պատրաստ քեզ պաշտպանել, ի պաշտպանություն քեզ բարձրաձայնել իր միտքը։ Ոչ ավել։ Շրջապատիդ ու ենթականերիդ քծնանքը, վարձու ֆեյքերիդ բանակին կամ Գլենդելից դեռ լսվող աղմուկին չխաբվես։ Դա խաբկանք է։ Իսկ իրականությունը քեզ կարող են ասել միայն հարցումներ ու վիճակագրություն կարդալ իմացողները, ինչպիսիք, ցավոք, քո թիմում չկան։
10-11 տոկոս վստահությունը մեծամասնությունը չէ, Նիկո՛լ: Մեծամասնության կեսն էլ չէ: Հիշու՞մ ես ասածդ. «Ես հրաժարականի մասին մտածելու անհրաժեշտություն չունեմ այնքան ժամանակ, քանի դեռ ունեմ ՀՀ ժողովրդի վստահությունը: Երբ չունենամ ժողովրդի վստահությունը, չեմ թողնի, որ որևէ մեկն անգամ ակնարկի դրա մասին.... րոպե՜ առաջ, րոպե՜ առաջ (կհեռանամ)»:
Ճիշտ էիր ասում, որ երկրի ու ժողովրդի վստահությունը չունեցող ղեկավարը, անկախ անձերից, չարիք է այդ նույն երկրի ու ժողովրդի համար: Դու քեզ կպատկերացնեի՞ր այդ դերում, որում հայտնվել ես:
Հայաստանում քաղաքական իրավիճակ է փոխվել: Իրավիճակի մեխն այն է, որ դու այլևս չունես մեր ժողովրդի մեծամասնության վստահությունը: Դու ունես միայն 10-11 տոկոսի վստահությունը։ Դու քաղաքական առաքելություն էլ չունես. լավ-վատ, այն ավարտել ես: Հիմա դու պիտի որոշում կայացնես: Ինքդ: Հասկանու՞մ ես, որ, եթե ոչ դու, ապա այդ նույն որոշումը քո փոխարեն կկայացնեն ուրիշները... Բայց արդեն դա լրացուցիչ գին կունենա առանց այդ էլ աղետի պռնկին հասցված մեր երկրի անդորրի, կայունության եւ անվտանգության համար: Դա հեչ ցանկալի բան չէ: Մենք պատերազմող երկիր ենք: Համաճարակն էլ մյուս կողմից:
Հասկացի՛ր իրականությունը, որում դու հայտնվել ես, ավելի շուտ` ինքդ քեզ դրել ես: Հասկացի՛ր, որ ինքդ վերածվել ես քո իսկ ասած` չարիքի: Գնա` գոնե հասկացված լինելու տեղ թողնելով քեզնից հետո եկողներին: Հիմա չես էլ պատկերացնի, թե դա որքան կարևոր է:
Գնա խաղաղությամբ...