Shantnews.am-ը գրում է․

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը հայտարարել է երկրի արևմտյան Մբանդակա քաղաքում էբոլայի համաճարակի մասին: France 24 պարբերականի հաղորդմամբ՝ հիվանդությունից 4 մարդ է մահացել:

Համաճարակի առկայությունը հաստատել է նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

«Այս բռնկումը հիշեցնում է, որ COVID-19-ը մարդկանց առջև ծառացած առողջապահական միակ սպառնալիքը չէ: ԱՀԿ-ն շարունակում է հետևել և արձագանքել բազմաթիվ առողջապահական արտակարգ իրավիճակների»,- գրել է Գեբրեյեսուսն իր Twitter-ի էջում:

Միևնույն ժամանակ, էբոլայի համաճարակը շարունակվում է Կոնգոյի արևելքում՝ Մբանդակայից ավելի քան 1000 կմ հեռավորության վրա: Կոնգոն 2018-ից պայքարում է էբոլայի համաճարակի դեմ, որն ավելի քան 2200 մարդու կյանք է խլել:

Կոնգոյի իշխանություններն ապրիլին պատրաստվում էին հայտարարել համաճարակի ավարտը, երբ վարակի նոր շղթա սկսվեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել