BlogNews.am կայքի գլխավոր խմբագիր

Ուղեվարձի թանկացման առաջին օրվա հպանցիկ ուսումնասիրությունն ինձ հուշում է բարձրաձայնել հետևյալը:
Սա, բնականաբար, մեր կյանքի առաջին ու միակ թանկացումը չէ, բայց առաջինն է, որն ընդունվում է համախմբված բոյկոտով ու խոստանում է շարունակական լինել: Կնշանակի՝ հարկավոր է առավել քան երբևէ ականջալուր լինել քաղաքացիների բողոքի ձայնին:
Եթե ժամանակին քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել, և ուղեվարձը 100 դրամով որևէ կազմակերպություն հաղթող է ճանաչվել, ապա եթե հիմա այդ նույն կազմակերպությունը հրաժարվում է 100 դրամով սպասարկել ու պահանջում է ուղեվարձը բարձրացնել, գուցե քաղաքապետարանը նո՞ր մրցույթ հայտարարի, գուցե գտնվեն ընկերություններ, որոնք կհամաձայնե՞ն 100 դրամով սպասարկել: Իսկ եթե մրցույթի ժամանակ հայտեր չեն լինի, քաղաքապետարանն էլ հանգիստ խղճով կասի, որ աղմկում էին, թե 100 դրամով կարելի է շահույթով աշխատել, բայց մրցույթին չեն մասնակցում: Ավելին, կարող է մեր ընդդիմադիր ու այլընտրանքային քաղաքական ուժերին մեղադրել էժան պոպուլիզմի մեջ, որ, եթե անհիմն են համարում թանկացումը, ապա թող ոչ թե իրենց համակիր գործարարները բարեգործության անվան տակ ձրի գծեր սպասարկեն կամ այլ նմանատիպ ծրագրեր ֆինանսավորեն, այլ գան, մրցույթին մասնակցեն ու 100 դրամով ժողովրդին սպասարկեն: Բայց, եթե քաղաքապետարանը մրցույթ չի հայտարարում ու համառորեն փորձում է մեզ համոզել, թե հին գնում հնարավոր չէ տեղավորվել, մարդիկ չեն հավատում, քանի որ համոզված են՝ այդ արվում է գծատերերի շահերը պաշտպանելու համար, որոնք բոլորն էլ իշխանավորներ են:

Էլ ի՞նչ իմաստ ունի ոլորտը մասնավորեցնել ու գծերի համար մրցույթ հայտարարել, մրցակցության իմիտացիա ստեղծել, եթե ում ուզում են, շահող են հայտարարում, և նրանք, ինչ գին որ ցանկանում են, դա էլ ցանկացած պահի հաստատում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել