Տևական ժամանակ Վերին Լարսի անցակետում գտնվող ՀՀ 70 քաղաքացիներն ուշ երեկոյան ժամանել են Հայաստան։ Այս մասին ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարություն է տարածել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը: 

«Անմիջապես սահմանին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի «Բագրատաշեն» բժշկասանիտարական հսկիչ կետի հերթապահ աշխատանքային թիմը սահմանված կարգով ջերմաչափել է երկիր ժամանող բոլոր քաղաքացիներին, արտաքին զննմամբ դիտարկել նրանց մոտ վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական ախտանշանների առկայությունը: Բոլորին տրամադրվել են անհատական պաշտպանության միջոցներ՝ դիմակներ ու ձեռնոցներ։ Տրվել են ինքնամեկուսացման ծանուցագրեր։

Որևէ քաղաքացու մոտ ջերմություն և կլինիկական ախտանշաններ չեն գրանցվել։

Քաղաքացիների մուտքը երկիր առավել արագ և սահուն կազմակերպելու նպատակով ԱԱՏՄ սահմանային հսկիչ կետի թիմը համալրվել էր։

Ավելի վաղ Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը տեղեկացրել էր, որ ՀՀ քաղաքացիները Հայաստան են տեղափոխվում մեր երկրի կառավարության կողմից տրամադրված 3 ավտոբուսներով։

«Հարկ է նշել, որ այս տեղափոխումը կատարվել է բացառության կարգով։ Վերին Լարս անցակետով օտարերկրյա քաղաքացիների մուտքը Վրաստան դեռևս փակ է»,- նշվում է հայտարարությունում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել