how to blog

Եթե սկսեք ուշադիր հետևել փոքրիկներին, կտեսնեք, որ նրանք ունեն այնպիսի հրաշալի ունակություններ, որոնք անհրաժեշտ են հաջողակ բլոգեր դառնալու համար:
Եկեք տեսնենք, թե որոնք են դրանք, և սրանցից քանի՞սն ունեք դուք:


1.Երեխաները միայն մի բանի վրա են կենտրոնանում, ոչ թե միանգամից մի քանիսի:

Շատ բլգոերների համար սա իսկապես մեծ խնդիր է, քանի որ միանգամից սկսում են գովազդային հղումների, նոր նախագծի մեկնարկի, էլեկտրոնային գրքերի ու այլ հղումների ու հրապարակումների մասին մտածել: Այս մտագրոհը շատ բլոգերների խանգարում է նկատելի հաջողությունների հասնել: Այն կարող է նաև ճնշել ու հասցնել նրանց սթրեսի, քանի որ այնքան հետաքրքիր ու գրավող տարբերակներ կան, որ դժվարանում է ընտրություն կատարելը:

Իսկ փոքրիկներին կարող է գրավել միաժամանակ միայն մեկ բան, ու նրանք կենտրոնանում են միայն դրա վրա: Օրինակ` եթե ուշադիր լինեք, կնկատեք, որ երբ փոքրիկ երեխան ուտում է, նա միաժամանակ հեռուստացույց չի դիտում, ոչ էլ թերթեր է կարդում, ինչպես շատ մեծահասակներ են անում: Նրանք միայն մեկ բանի վրա են կենտրոնանում և վերջ:

2.Երեխաներին չի հետաքրքրում, թե ինչ են մտածում ուրիշները:

Ինչքան մեծանում, այնքան ավելի ինքնավերահսկվող ենք դառնում: Երբ, օրինակ, սկսում ենք մեր բլոգը, մենք մեզ համար հատուկ կանոնակարգ ենք մշակում և երբեք չենք խախտում մեր իսկ «արձանագրած» կանոնները: Օրինակ` եթե փորձառու բլոգերները մեզ խորհուրդ են տալիս, որ առանց որոնման համակարգ ներդնելու կամ միաժամանակ առանց տարբեր սոցիալական ցանցերի հարթակներում լինելու մեր բլոգը չի կարող հաջողության հասնել, մենք սա ընդունում ենք որպես անխախտ օրենք և շարունակում հետևել ուրիշների կողմից չգրված հին կանոններին: Մենք վախենում ենք տարբերվելուց և վախենում ենք՝ մեզ մատնացույց անեն:
Իսկ երեխաները անում են այն, ինչ իրենց է անհրաժեշտ, և նրանց երբեք չի հետաքրքրում, թե ինչ կմտածեն ուրիշները: Եթե, օրինակ, նրանք սոված են, նրանք պարզ ու բարձրաձայն կասեն դրա մասին՝ անկախ նրանից տանն են նրանք, խանութում, թե դրսում: Չե՞ք կարծում, որ բլոգերները պետք է սովորեն երեխաներից:
Իսկ դուք կկարողանա՞ք տարբերվել մյուս բլոգերներից և ավելի քիչ հրապարակումներ անել, քան մյուսները, կամ չլինել բոլոր սոցիալական հարթակներում, ինչպես ընդունված է բոլորի մոտ:
Համարձակ եղեք տարբերվել: Արեք այն, ինչ անհրաժեշտ է, և քիչ մտածեք, թե ինչ կմտածեն մյուսները:

3. Երեխաները սովորեցնողի կարիք ունեն:

Որպես բլոգերներ՝ մենք միշտ հետևում ենք մեզնից ավելի փորձառու ու հաջողակ բլոգերների: Մենք ուզում ենք նրանցից սովորել, թե ինչպես են հասել հաջողությունների: Սակայն մեզնից քանի՞սն է դրա համար հատուկ ուսուցիչ վարձում: Մեկին, ում կկարողանանք էլեկտրոնային նամակ գրել կամ զանգահարել, երբ խորհրդի կարիք կունենանք: Ցավոք, ոչ բոլորը:

Իսկ երեխաներն ունեն իրենց ուսուցիչը կամ նույնիսկ ուսուցիչներին ամբողջ ընթացքում` իրենց ծնողները, ում իրենք նմանակում են՝ տեսնելով, թե ինչպես են նրանք խոսում, ինչպես են շարժվում:

Իսկ որպես բլոգեր, ի՞նչ եք կարծում՝ ուսուցիչ ունենալը կօգնի՞ ձեզ հաջողության հասնել: Եթե այո, ապա գործի անցեք և ձեզ համար օգնական ուսուցիչ կամ մարզիչ գտեք:

4. Երեխաները գիտակցում են հանգստանալու կարևորությունը:

Քանի՞ ժամ եք քնել անցած գիշեր և արդյո՞ք հանգիստ եք քնել: Պետք է ընդունեմ, որ ինքս լավ չեմ քնել երեկ և այս պահին գրառումն անելիս այնքան էլ առույգ չեմ: Նույնը կարելի է ասել շատ այլ բլոգերների մասին: Նրանք բավարար քուն չեն ստանում, հետևաբար օրգանիզմը չի հասցնում հանգստանալ: Ինչքան քիչ եք քնում, այնքան ավելի հոգնած եք ձեզ զգում և քիչ արդյունավետ եք աշխատում:

Իսկ երեխաները շատ են քնում, որովհետև հասկանում են դրա կարևորությունը: Նրանք հասկանում են, որ իրենց անհրաժեշտ է առողջ քուն ստանալ, որպեսզի իրենց հագեցած օրվա ընթացքում կորցրած էներգիան վերականգնվի, և օրգանիզմը լավ աճի:
Ի՞նչ եք կարծում՝ լավ քնելը կօգնի՞ ձեզ ավելի լավ բլոգեր լինել: Դե օրինակ եթե ավելի լավ քնեք, հոգնած չեք լինի գրառումներ անելիս, կենտրոնացած կլինեք ձեր գործի վրա և ավելի արդյունավետ կաշխատեք, քան եթե քիչ քնած լինեք:
Այնպես որ, սովորեք երեխաներից և ավելի շատ քնեք, որպեսզի ավելի առույգ աշխատեք:

5. Երեխաները կարողանում են հեշտությամբ գրավել ծնողների ուշադրությունը:

Երբ բլոգային գրառում եք կատարում, միայն այն հրապարակելը բավական չէ: Անհրաժեշտ է նաև այնպես անել, որ մյուսները իմանան ձեր գրառման մասին` այն գովազդելու միջոցով: Այլապես կստացվի այնպես, որ ձեր գրառումը ոչ ոքի չի հետաքրքրում:

«Գովազդելը» երեխաների մոտ շատ լավ է ստացվում: Նրանք կարողանում են բոլորի ուշադրությունը գրավել իրենց հմայքով և իրենց պահում են բնական, այնպես, ինչպես կան, և դա անում են շատ արդյունավետ ձևով: Երբ մոտակայքում փոքրիկ երեխա կա, բոլորն ուզում են տեսնել նրան:
Երբ սկսում եք ձեր բլոգը, անհրաժեշտ է մի փոքր ավել աշխատել, որպեսզի բլոգի մասին իմանան: Օրինակ` կարելի է որպես հյուր մեկնաբանություններ ու գրառումներ թողնել ուրիշ բլոգներում: Սա հրաշալի միջոց է բլոգոսֆերայում ձեզ ցույց տալու համար:
Ի վերջո կնկատեք, որ բոլորն իմանում ու կարդում են ձեր գրառումներն ավտոմատաբար: Սա հիմնականում հնարավոր է դառնում արդեն մյուսների` ձեր գրառումը տարածելու շնորհիվ:

Եզրակացություն

Զվարճալի է հետևել, թե ինչպես են զարգանում ու մեծանում ձեր երեխաները, այդ ընթացքում զվարճալի է նաև սովորել նրանցից: Ու կարևոր չէ՝ բլոգեր եք, թե ոչ` երեխաներից միշտ կարելի է սովորել իրենց հնարքներն ու օգտագործել ձեր արդեն հասուն կյանքում: Ի վերջո դուք էլ ժամանակին փոքրիկ եք եղել, և այդ հատկանիշները ձեր մեջ դեռ կան, անհրաժեշտ է ուղղակի արթնացնել դրանք: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել