Պարոնայք ապակառավարիչներ, Հայաստանի Հանրապետության չկառավարություն.

Միևնույն է շուտով անցնելու եք տոտալ սահմանափակումների, եթե, իհարկե չեք որոշել լիովին վտանգել ժողովրդի առողջապահական անվտանգությունը և կտրուկ թուլացնել Հայաստանի պաշտպանունակությունը: Արեք դա հիմա, հենց հիմա: Մտցրե´ք ամենախիստ սահմանափակումներ հիմա: Հարյուրերոդ անգամ մի´ հապաղեք, մի´ ցուցաբերեք հերթական թուլամտությունն ու թուլակամությունը: Ձեր թողտվությունն ու ապակառավարումը երկիրը բերել են արդեն ընթացող աղետի: Գոնե հիմա հետ կանգնեք այդ խելագարությունից:

Հասարակությունն անկարող է ինքն իրեն կառավարել և դեռևս շատ հեռու է ճիշտ վարքագիծ դրսևորելուց: Դրա ապահովումը ձեր պարտքն է, ձեր պարտականությունն է: Ձեզ դրա համար են ընտրել, ոչ թե հարկերի հաշվին բարեկեցիկ կյանք վարելու և քաղաքացիներին միայն խելացի վարքագծի կոչեր անելու: Ձեր պարտականությունն է գործընթացներ նախաձեռնելը, դրանք կառավարելն ու անմիջականորեն պարտադրելը:

Առնվազն երկու ամսով խստագույն սահմանափակումներ մտցրեք, յուրաքանչյուր քաղաքացու հաշվով մինիմալ սննդային զամբյուղին համարժեք գումար տրամադրեք բյուջեից բոլորին և սահմանափակումների ռեժիմին հետևելու համար ներգրավեք զինված ուժերը: Այս պատերազմը դուք արդեն տանուլ եք տվել: Հիմա գոնե զոհերի քանակը սահամանափակեք:

Արեք դա թեկուզ ինքնապահպանման բնազդից ելնելով: Յուրաքանչյուր հավելյալ մահ ավելի ու ավելի է մոտեցնելու ձեր իշխանության մահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել