Պրն. Աշոտյան, վերջերս Վանաձոր քաղաքում լուրեր են տարածվել, որ առկա է նախագիծ, համաձայն որի ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) Վանաձորի մասնաճյուղը պետք է լուծարվի, և Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի հիմքի վրա ստեղծվի նոր բուհ` «Վանաձորի/Լոռու Պետական Համալսարանը»: Մենք` ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի մի խումբ ուսանողներ, սույն նամակով նպատակ ունենք Ձեզ տեղեկացնելու, որ չենք ցանկանում շարունակել մեր կրթությունը նոր ստեղծվելիք բարձրագույն կրթական հաստատությունում: Մենք ընդունվել ենք ՀՊՃՀ՝ որակյալ ճարտարագիտական կրթություն ստանալու ակնկալիքով: Բուհերի խոշորացման ծրագիրը ենթադրաբար նախատեսում է պրոֆեսորադասախոսական կազմի կրճատումներ, ծրագրային և այլ անցանկալի փոփոխություններ, որոնք ռիսկային կդարձնեն ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի շուրջ 700 ուսանողներին որակյալ տեխնիկական կրթություն տրամադրելը: Հայտնի է Արցախի և Գորիսի համալսարանների կազմավորման գործընթացների փորձը, որի արդյունքում չեն պահպանվել ինժեներական մասնագիտությունները: Կարծում ենք, որ Վանաձորում միացյալ համալսարան ստեղծելու արդյունքում մեկ-երկու տարի հետո ճարտարագիտական մասնագիտություններով կրթությունը հարցականի տակ կլինի:

Մենք ունենք մեր նախընտրած բուհում բարձրագույն կրթություն ստանալու իրավունք և չենք ցանկանում շարունակել մեր կրթությունը նոր բացվող, միջազգային ճանաչում չունեցող համալսարանում: Գիտակցաբար դիմել և ընդունվել ենք ՀՊՃՀ, որովհետև բոլորին հայտնի է, որ նա ունի հզոր գիտական պոտենցիալ, լաբորատոր նյութատեխնիկական բազա, շարունակական կրթության լայն հնարավորություններ և միջազգային ճանաչում, ինչը մեզ հետագայում թույլ կտա շարունակել կրթությունը ինչպես մայր բուհի՝ ՀՊՃՀ-ի, այնպես էլ արտասահմանյան գործընկեր բուհերի մագիստրոսական և ասպիրանտական ծրագրերով: 

Կրթության օպտիմալացման և ուսումնական հաստատությունների խոշորացման համատեքստում կարելի է, օրինակ, զարգացնել ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղը՝ համագործակցելով տարածաշրջանի տեխնիկական քոլեջների հետ, իրագործել տեխնոպարկի ստեղծման ծրագիրը, ապահովել մեզ համար ավելի լավ լաբորատոր պայմաններ: Այդպիսի ծրագրերի իրականացումից հետո ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղը կարող է դառնալ տարածաշրջանի գիտական և տեխնոլոգիական կենտրոն, որտեղ հնարավոր կլինի ստանալ միջազգային չափանիշներին համապատասխան որակյալ ճարտարագիտական կրթություն, և որտեղից վստահաբար պարբերաբար դուրս կգան որակյալ մասնագետներ, գիտնականներ և ինժեներներ, որոնք կնպաստեն տարածաշրջանի և ողջ հանրապետության կայուն զարգացմանը:

Խնդրում ենք հաշվի առնել մեր կարծիքն ու առաջարկությունները նախագծի քննարկումների ժամանակ, հարգել մեր՝ որակյալ կրթություն ստանալու սահմանադրական իրավունքը, որը հնարավոր է միայն հզոր ճյուղային կառուցվածք ունեցող Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանում, իր տարածաշրջանային մասնաճյուղերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել