Armtimes.com-ը գրում է․

Այս օրերին, երբ Եվրոպան կամաց կամաց կարծես թե ուշքի է գալիս կորոնավիրուսի համավարակից ու դրա թողած հետեւանքներից, Լատինական Ամերիկայի երկրները նոր միայն մոտենում են համաճարակի պիկին: Այստեղ կորոնավիրուսը սկսեց տարածվել մեծ թափով եւ միանգամից:

Euronews-ը ներկայացնում է իրավիճակը լատինամերիկյան երկրներում:

Պերուում 1 օրում գրանցվել է ավելի քան 100 հազար նոր դեպք: Այստեղ COVID-19-ից մահացել է ավելի քան 3 հազար հիվանդ, առողջապահական համակարգը փլուզման եզրին է: Հիվանդանոցներում չեն բավականացնում մահճակալներն ու բժշկական սարքավորումները:

Բրազիլիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է արդեն 310 հազարը, վարակը խլել է ավելի քան 20 հազար մարդու կյանք: Երկրի առողջապահության նախարարությունը փոփոխության է ենթարկել COVID-19-ի բուժման պայմանները՝ թույլատրելով որպես հակավարակային դեղամիջոց ընդունել քլորոֆին եւ հիդրօքսիքլորոքին (մալարիայի բուժման դեղամիջոց): Բրազիլիայում այս 2 դեղամիջոցները հիվանդները կարող են ստանալ  հիվանդության ցանկացած փուլում, նախկինում դրանք թույլատրելի էին միայն շատ ծանր դեպքերի ժամանակ:

Բրազիլացի մասնագետները այս 2՝ կորոնավիրուսի բուժման համար էֆեկտիվության աստիճանը չապացուցված եւ չստուգված դեղամիջոցների օգտագործումը նորմալ են համարում՝ քանի դեռ չկա կոնկրետ բուժիչ դեղամիջոց: Նշենք, որ վերջին մի քանի օրերին հիդրօքսիքլորոքին էր ընդունում նաեւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ իր անձնական բժշկի ցուցումով, որը գտել էր, որ վտանգավոր չէ պրոֆիլակտիկայի համար մի քանի օր այդ դեղամիջոցն ընդունելը, փոխարենը՝ կարող է պաշտպանել օրգանիզմը:

Հակամալարիային դեղամիջոցի ընդունմանը միանգամայն կողմ է նաեւ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, որն ավելի վաղ կասկածի տակ էր դնում այն պնդումը, թե կորոնավիրուսը վտանգավոր վարակ է: Հենց Բոլսոնարուի՝ համաճարակի մասին թեթեւ պատկերացումներ ունենալու պատճառով մի քանի օր առաջ պաշտոնից հրաժարական տվեց երկրի առողջապահության նախարարը: Միջազգային մամուլը հայտնեց, որ նախարարի հրաժարականի պատճառը նախագահի հետ լարված հարաբերություններն էին կորոնավիրուսի պատճառով: Ընդամենը 1 ամիս առողջապահության նախարարի պաշտոնում պաշտոնավարած Նելսոն Թեյչը այցելում էր տարբեր հիվանդանոցներ, անձամբ վերահսկում երկրում առկա իրավիճակը եւ պնդում, որ սահմանափակումները պետք է խստացվեն: Երկրի նախագահն էլ ընդհակառակը՝ ցանկանում էր հանել բոլոր սահմանափակումները՝ տնտեսության փլուզում թույլ չտալու համար:

Նախարարի հրաժարականից հետո իրավիճակը երկրում ավելի բարդացավ: Լատինական Ամերիկայի ամենախոշոր՝ Վիլա-Ֆորմոզա գերեզմանատանը, որը բրազիլական Սան-Պաուլո քաղաքի մոտ է տեղակայված, ամենուր թարմ գերեզմաններ են: Այստեղ դժվարությամբ են հասցնում հուղարկավորել կորոնավիրուսից մահացած բրազիլացիներին: Միայն երեկ երկրում 20 հազար նոր դեպք է գրանցվել, 2 օրում էլ մահացել է ավելի քան 2 հազար մարդ:

Այսօրվա տվյալներով, կորոնավիրուսով վարակվածների թվով այժմ Բրազիլիան աշխարհում երրորդ երկիրն է:

Լատինամերիկյան մեկ այլ երկրում՝ Արգենտինայում, մի քանի օրում հաստատվել է կորոնավիրուսի միանգամից 9 հազար դեպք: Վարակը մի քանի հարյուր մարդու մահվան պատճառ է դարձել: Երկրում նախկինի նման գործում են սահմանափակումներ՝ վարակի հետագա տարածումը թույլ չտալու համար: Չնայած այս հանգամանքին, Բուենոս-Այրեսում բողոքի ցույց է անցկացվել, որի մասնակիցները պահանջում էին բացել բարեգործական սրճարաններն ու անվճար ճաշարանները, որոնք օգնում են սնվել մարդկանց, որոնք չեն կարողանում հոգալ սննդի ծախսերը:

Լատինական Ամերիկայի երկրներում թույլ, վատ ֆինանսավորված առողջապահություն է գործում: Պետություններն իրենց առողջապահական համակարգերում տարեկան ներդնում են իրենց ընդհանուր ՀՆԱ-ի 2,2 տոկոսը, իսկ բոլորի համար առողջապահությունը հասանելի դարձնելու համար հարկավոր է ծախսել հիշյալ թվից 3 անգամ ավելի: Օրինակ Իտալիայում, որտեղ կորոնավիրուսն իրական կոլապսի մեջ նետեց առողջապահական համակարգը, այդ ոլորտին է տրամադրվում երկրի ՀՆԱ-ի 6,7 տոկոսը, Բրազիլիայում այս ցուցանիշը կազմում է 4, Մեքսիկայում՝ 3, իսկ Վենեսուելայում՝ 1,7 տոկոս: Միջինում ամեն 1000 բնակչի այստեղ բաժին է հասնում հիվանդանոցային 2 մահճակալ՝ Ռուսաստանից 4 անգամ քիչ, Ճապոնիայից՝ 6 անգամ: Բացի այդ, հիվանդանոցներում ծայրահեղ անբավարար են պաշտպանական միջոցները, բժշկական թթվածինը, թոքերի արհեստական օդափոխման սարքերը եւ այլ տեխնիկական միջոցներ: Գրեթե ամբողջ բժշկական համալիրը կենտրոնացած է խոշոր քաղաքներում,  իսկ դրանց հասանելիությունը չափազանց բարդ է:

Իրավիճակը լատինամերիկյան երկրներում բարդացնում է նաեւ տեղական համաճարակաբանական  պատկերը. Վիրուսային համաճարակները պարբերաբար վերածվում են այս մայրցամաքի շատ երկրների համար լուրջ փորձությունների: 2016-ին այնտեղ տարածվում էր Զիկա վիրուսը, 2019-ին՝ Դանգե թոքախտը, որով հիվանդացել էր ավելի քան 3 միլիոն մարդ, նրանցից 1583-ը մահացել էին: Կորոնավիրուսի համաճարակը Լատինական Ամերիկայի երկրները դիմավորեցին արդեն իսկ քայքայված ռեսուրսներով ու սուղ միջոցներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել