Այն, որ գազի սակագների թանկացումը բերելու էր որոշակի ապրանքատեսակների և ծառայությունների գների թանկացման` հասկանալի էր բոլորիս, բայց այն, ինչ այս օրերին կատարվում է գազալցակայաններում և քաղաքային տրանսպորտի սակագների պարագայում` ուղղակի անհասկանալի է: Գազալցակայանները, հատկապես նոր հաշվիչ համակարգերի տեղադրելուց հետո, կարողանում են որոշել կամայական գազի գներ, նույն քանակությամբ գազը տարբեր լցակայաններում կարող է տարբեր արժեք ունենալ: Բացի այդ, համադրելով վերջին օրերին թանկացած գազով երթևեկող մեքենաների տվյալները` հետաքրքիր իրողություն է պարզվում` լցակայաններում գազը թանկացել է հայտարարվածից զգալիորեն ավելի շատ: Ինչ վերաբերվում է քաղաքային տրանսպորտի սակագներին, ապա անհասկանալի է, թե քաղաքապետարանը ինչ բանաձև է դրել թանկացման հիմքում: Այնպիսի նուրբ խնդրում, ինչպիսին քաղաքային տրանսպորտն է, նմանատիպ թափթփված որոշումը պարզապես անհասկանալի է: Առանց որևէ հոդաբաշխ բացատրության հիսուն տոկոսանոց թանկացումը պարզապես կարող է կաթվածահար անել առանց այն էլ սոցիալապես խոցելի վիճակում գտնվող հասարակության ընտանեկան բյուջեները: Մինչդեռ թանկացումը պետք է արտացոլեր միայն գազի թանկացման հետևանքով առաջացած հավելյալ ծախսը, որը երբեք չէր կարող լինել հիսուն տոկոս: Իսկ եթե հայտարարված 150 դրամը օբյեկտիվորեն է արտացոլում թանկացման չափը` ուրեմն մենք գործ ունենք սկանդալային գազային բլեֆի հետ` կառավարության հայտարարած գազի թանկացման ցուցանիշները ամբողջովին կեղծ են, իրականում գազը թանկացել է հիսուն տոկոսով, հասարակական ընդվզումը թուլացնելու համար հայտարարվել է բոլորովին այլ սակագին, իսկ գազամատակարարներին տարբեր հաշվիչ համակարգերի կիրառման միջոցով ստիպում են նրբորեն թաքցնել իրական սակագինը:
Թե չէ ստացվում է, որ մարդիկ պատեհ առիթի էին սպասում թանկացման համար, և առաջին առիթի դեպքում ինչքան տոկոս ուզեցին` խփեցին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/varuzhan.babajanyan/posts/589113604466672?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել